Հայաստանում զբաղվածության ապահովման նոր ծրագիր է հաստատվել։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հոկտեմբերի 22-ի նիստում։
Որոշումը մեկտեղում է զորացրված գործազուրկների, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների, ինչպես նաև անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց զբաղվածության ապահովման ծրագրերը։
Նախաձեռնության նպատակն է կրթական էլեկտրոնային վաուչերների միջոցով ընդլայնել նշված խմբերի զբաղվածության հնարավորությունները։ Շահառուներին կտրամադրվի մինչև 250,000 դրամ արժողությամբ ուսուցման վաուչեր, որը կարող է օգտագործվել միայն մեկ անգամ՝ 6 ամսվա ընթացքում։
Ուսուցումն իրականացնելու են «ոչ ֆորմալ կրթության երաշխավորված մոդուլային ծրագրեր» մատուցող կազմակերպությունները։ Դասընթացն ավարտելուց հետո մասնակիցներին կտրվի հավաստագիր։
Աջակցություն է նախատեսվում նաև այն գործատուների համար, որոնք դասընթացն անցած անձանց հետ կկնքեն առնվազն 3 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր։ Մասնավորապես՝ գործատուին եռամսյակային կտրվածքով կփոխհատուցվի աշխատողի աշխատավարձից հաշվարկվող և վճարվող եկամտային հարկը․ առաջին երեք ամիսների համար՝ 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան ամսական 25,000 դրամը, իսկ 4-ից 6-րդ ամիսների համար՝ 100%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 50,000 դրամը։
100,000 դրամի տեսքով միանվագ աջակցություն կստանան նաև շահառուները, եթե գործատուի հետ աշխատանքային հարաբերությունները տևեն 3 ամիս, և ևս 200,000 դրամ՝ 12 ամիս աշխատելու դեպքում։
Ծրագրի մեկնարկը կտրվի հունվարի 1-ից, և այն կներառի շուրջ 1500 շահառուի։





























