Արևմտյան Եվրոպայի երկրների ֆոնդային ինդեքսները չորեքշաբթի օրն աճ են գրանցել՝ նախորդ մի քանի նստաշրջանների անկումից հետո։
Տարածաշրջանի խոշորագույն ընկերությունների Stoxx Europe 600 ամփոփիչ ինդեքսն աճել է 0,92%-ով և կազմել 644,49 կետ։
Գերմանական DAX-ն ավելացել է 1,4%-ով, ֆրանսիական CAC 40-ը՝ 1,1%-ով, իսկ իտալական FTSE MIB-ը և իսպանական IBEX 35-ը՝ 1,2-ական տոկոսով։
Բրիտանական FTSE 100-ն աճել է 0,2%-ից պակաս։ Շուկայի համար զսպող գործոն են դարձել վիճակագրական տվյալները, որոնք ցույց են տվել, որ նախորդ ամիս Մեծ Բրիտանիայում գնաճը զգալիորեն արագացել է։ Երկրի Ազգային վիճակագրական վարչության (ONS) տվյալներով՝ սեպտեմբերին սպառողական գները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 3,5%-ով։ Գնաճն օգոստոսի 3,1%-ի համեմատ արագացել է՝ հասնելով վերջին 11 ամսվա առավելագույն ցուցանիշին։
Գնաճի տեմպերի արագացումը՝ նախօրեին հրապարակված Մեծ Բրիտանիայի աշխատաշուկայի ուժեղ ցուցանիշների հետ մեկտեղ, մեծացնում է սպասումները, որ Բրիտանիայի Կենտրոնական բանկը հենց հաջորդ ամիս կբարձրացնի հիմնական տոկոսադրույքը։
Չորեքշաբթի Լոնդոնի սակարկություններում նկատելի անկում են գրանցել հանքարդյունաբերական ընկերությունների բաժնետոմսերը։ Fresnillo-ի շուկայական արժեքը նվազել է 2,1%-ով, Antofagasta-ինը՝ 2%-ով, Endeavour Mining-ինը՝ 0,5%-ով, իսկ Rio Tinto-ինը՝ 1%-ով։
Բացի այդ, էժանացել են Aberdeen Group (-4,1%) և 3i Group (-3,9%) ֆինանսական ընկերությունների, ինչպես նաև լյուքս դասի ապրանքներ արտադրող Burberry-ի (-2,4%) արժեթղթերը։
Նավթագազային ընկերությունների բաժնետոմսերի գնանշումները բարձրացել են նավթի գների վերսկսված աճի շնորհիվ։ BP Plc-ի կապիտալիզացիան ավելացել է 1,9%-ով, TotalEnergies-ինը՝ 1,2%-ով, Eni-ինը՝ 1,8%-ով։
Օպտիկական և արևային ակնոցներ արտադրող ֆրանս-իտալական EssilorLuxottica ընկերության արժեթղթերի գինը թռիչքային աճ է գրանցել՝ 15%-ով, ինչին նպաստել են երրորդ եռամսյակի տպավորիչ հաշվետվությունները։ Ընկերության հասույթն առանց փոխարժեքային տատանումների հաշվառման աճել է 7%-ով և կազմել 7,49 մլրդ եվրո՝ գերազանցելով Visible Alpha-ի հարցված վերլուծաբանների 7,36 մլրդ եվրոյի կոնսենսուս-կանխատեսումը։ «Խելացի» ակնոցների վաճառքից ստացված եկամուտն աճել է 20%-ով։
Stoxx Europe 600-ի բաղադրիչների շարքում աճի առաջատար են դարձել նիդերլանդական Randstad (+20%) կադրային ընկերության բաժնետոմսերը, որի եռամսյակային արդյունքները նույնպես գերազանցել են շուկայի սպասումները։
Նախօրեին երրորդ եռամսյակի նախնական հաշվետվությունը հրապարակած adidas AG-ի արժեթղթերը թանկացել են 1,7%-ով։ Սպորտային ապրանքներ արտադրող գերմանական ընկերությունը նախորդ եռամսյակում հասույթն ավելացրել է 9%-ով՝ հասցնելով ռեկորդային 7,25 մլրդ եվրոյի։
Akzo Nobel-ի բաժնետոմսերի գինը բարձրացել է 4,3%-ով։ Ներկերի և ծածկույթների աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկը երրորդ եռամսյակում զուտ վնասը կրճատել է 8%-ով, մինչդեռ ընկերության հասույթը գրեթե չի փոխվել։
Carrefour-ի կապիտալիզացիան գահավիժել է 13,8%-ով՝ դառնալով եվրոպական ամփոփիչ ինդեքսի անկման առաջատարը։ Սուպերմարկետների ցանցի ֆրանսիական օպերատորը նվազեցրել է տարեկան կանխատեսումները՝ մատնանշելով սոցիալական դրության և անվտանգային միջավայրի «աննախադեպ» վատթարացումը։
Michelin-ի շուկայական արժեքն ընկել է 7,2%-ով։ Ավտոմեքենայի անվադողեր արտադրող ընկերությունը նախօրեին հայտնել էր տարեկան կտրվածքով եռամսյակային հասույթի 0,5% նվազման մասին, սակայն անփոփոխ էր թողել տարեկան կանխատեսումները։





























