ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիմել է երկրի Գերագույն դատարան՝ պահանջելով թույլատրել Մեքսիկայի հետ սահմանին գտնվող «Բիգ Բենդ» ազգային պարկում ամրաշինական կառույցների սառեցված շինարարությունը։ Այս մասին հայտնում է The Washington Post (WP) պարբերականը։
Սպիտակ տան պնդմամբ՝ ծրագրի կասեցումը «զրկել է կառավարությանը հարավային սահմանի մեկ քառորդը կարտելներից, թմրաբիզնեսից ու անօրինական միգրանտներից պաշտպանելու հնարավորությունից»։
Սահմանի 800 կիլոմետրանոց հատվածում իրականացվող 1,7 միլիարդ դոլար արժողությամբ այս խոշոր նախագիծը բախվել էր տեղի բնակիչների և բնապահպանների դիմադրությանը, որոնց բողոքի հիման վրա էլ Տեխասի շրջանային դատարանը կասեցրել էր նախաձեռնությունը։ Հայցվորներն իրենց դիմումում նշել էին տեղանքի լանդշաֆտի փոփոխության վտանգի մասին։
ԱՄՆ վարչակազմը պահանջում է վերսկսել աշխատանքները՝ մատնանշելով «Բիգ Բենդի» հատվածում բերման ենթարկված անօրինական միգրանտների թիվը (2021-ից 2025 թվականներին ավելի քան 89 հազար մարդ փորձել է ապօրինի մուտք գործել ԱՄՆ տարածք)։ Ազգային պարկի տարածքում նախատեսվում է կառուցել ճանապարհ, տեղադրել տեսախցիկներ, սենսորներ և ավտոմեքենաների համար նախատեսված արգելապատնեշներ։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ սահմանապահ ծառայությունը նշել էր, որ իրենց ծրագրերում բարձր պարիսպների կառուցում նախատեսված չէ։
«Հայցվորների բնապահպանական, հանգստի և գեղագիտական շահերը չեն գերազանցում հասարակությանը հասցվող վնասը», — ասված է Գերագույն դատարան ներկայացված դիմումում։





























