Հայէկոնոմբանկը COP17 համաժողովում մասնակցության շրջանակում նախաձեռնել էր պանելային քննարկում՝ «Կանաչ ֆինանսներ՝ հանուն բնության. հանձնառությունից դեպի գործողություն» խորագրով: Նպատակն էր պետության, բիզնեսի, միջազգային կառույցների և փորձագիտական համայնքի դիտանկյուններից քննարկել այն կարևոր դերակատարումը, որ ֆինանսական համակարգն ունի գաղափարները շոշափելի ու կայուն ազդեցության վերածելու գործում:
Կայուն զարգացումը՝ բիզնես ռազմավարության անկյունաքար
Հայէկոնոմբանկի Շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման բաժնի պետ Աննա Եղոյանը, բացելով պանելային քննարկումը, նշեց, որ Բանկի համար կայուն զարգացումն ու կանաչ ֆինանսավորումը զուտ սոցիալական պատասխանատվություն չեն, այլ բիզնես ռազմավարության անկյունաքար.
«Տարիներ շարունակ մենք ակտիվորեն ֆինանսավորում ենք էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկայի և ՓՄՁ-ների «կանաչ» վերազինման ծրագրերը` վստահ լինելով, որ բանկային ոլորտը պետք է լինի ոչ միայն կապիտալ տրամադրող, այլև կամուրջ՝ պետական քաղաքականության, միջազգային կանաչ հոսքերի, տեխնոլոգիական նորարարությունների և իրական տնտեսության միջև»:
Բնապահպանական ռիսկերի նվազեցումը՝ ծրագրի հաջողության գրավական
Քննարկման բանախոս, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչության պետ Իռա Փանոսյանը, անդրադառնալով կանաչ ֆինանսավորման դերակատարությանը տնտեսության զարգացման համատեքստում, ընդգծեց, որ բնապահպանական ռիսկերի նվազեցումը կարևոր նշանակություն ունի ցանկացած ծրագրի արդյունավետ իրականացման համար.




«Կայուն զարգացումը Հայաստանի տնտեսության առանցքային ուղղություններից է: Կանաչ ֆինանսավորման գործիքների կիրառումն առավել մեծ կարևորություն ունի հատկապես գյուղատնտեսության ոլորտում: Դա է պատճառը, որ շեշտը դրվում է պետական սուբսիդավորման ծրագրերի, հայկական շուկայում միջազգային կապիտալի ներգրավման և կլիմայական հարմարվողականության և դիմակայունության բարձրացմանը միտված գործողությունների վրա»:
Երկարաժամկետ բնապահպանական նպատակները՝ կանաչ ֆինանսավորման գերակայություն
Գերմանահայկական հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սաթենիկ Ղևոնդյանի դիտարկմամբ՝ անհրաժեշտ է վերանայել ֆինանսավորման մոտեցումները՝ հաշվի առնելով երկարաժամկետ բնապահպանական նպատակները:
«Այս տեսանկյունից առանցքային կարևորություն ունի ֆինանսական հաստատություններում բնապահպանական ռիսկի գնահատման կարողությունների հզորացումը: Կարևոր է հասկանալ, թե ինչպես բնապահպանական ռիսկը կարող է փոխակերպվել ֆինանսական ռիսկի: Եվս մեկ կարևոր գործոն է ռիսկերի կիսման (risk sharing) գործիքների կիրառումը`համադրելով դրանք համակցված ֆինանսավորման մեխանիզմների հետ: Եվ վերջապես, շատ կարևոր է կանաչ ֆինանսավորման միասնական չափորոշիչների սահմանումը, ինչն անպայման կնպաստի տնտեսության երկարաժամկետ կայուն զարգացմանը»:
Ներդրողների էկո-իրազեկվածության բարձրացումը՝ կանաչ նախագծերի հաջողության ճանապարհ
«Էքվիֆայ Էյ Էմ» ՓԲԸ գործադիր տնօրեն, ներդրումային փորձագետ Սամսոն Ավետյանը, խոսելով կանաչ նախագծերում մասնավոր ներդրողների հետաքրքրության մասին, նշեց, որ տեղական շուկայում ներդրողների գերակշիռ մեծամասնության համար դեռևս առաջնային նշանակություն ունի եկամտաբերությունը, բայց, միևնույն ժամանակ, ամեն ինչ չի կարող չափվել միայն ֆինանսական ցուցանիշներով:
«Նախագծերի երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի արտադրողականության և հեռանկարների վրա ևս շատ կարևոր գործոն է: Եվ այն առաջմղելու համար կարող են մի շարք միջոցներ կիրառվել, օրինակ, ներդրողների ուղիղ սուբսիդավորում և ներդրողների շրջանում իրազեկվածության բարձրացում կանաչ տեխնոլոգիաների կարևորության մասին: Սա, վստահաբար, իր ազդեցությունը կունենա ներդրողների վարքագծի վրա»:
Այլընտրանքային ֆինանսավորումը՝ Deep Tech կանաչ նախագծերի շարժիչ ուժ
BeeSync ընկերության հիմնադիր և տնօրեն Շանթ Խայալյանը, անդրադառնալով երկարաժակետ բնապահպանական ազդեցություն ունեցող ստարթափերի համագործակցությանը առևտրային բանկերի հետ, ընդգծեց, որ Deep Tech ոլորտում աշխատանքը կարող է տարիներ տևել՝ առանց որևէ եկամտի, և սա, բնականաբար, լուրջ խոչընդոտ է ֆինանսական միջոցների ներգրավման համար.
«Դա է պատճաը, որ այսօր ամբողջ աշխարհում նախապատվությունը տրվում է փուլային ֆինանսավորմանը: Կարևոր է գիտակցել, որ տեխնոլոգիական առաջընթացը շատ կարևոր է Հայաստանի երկարաժամկետ կայուն զարգացման համար»:
Ամփոփելով քննարկումը՝ բանախոսները համակարծիք էին, որ կանաչ տնտեսության ձևավորումն ու բնապահպանական մարտահրավերների հաղթահարումը հնարավոր են բացառապես բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերի համադրման արդյունքում:
Հայէկոնոմբանկը, վերահաստատելով իր հանձնառությունը կայուն զարգացման օրակարգին, շարունակում է հուսալի գործընկեր լինել կանաչ նախագծերի կյանքի կոչման և դիմակայուն տնտեսության ձևավորման գործում:
86 86 | aeb.am
Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:





























