NEWS.am-ին հայտնի է դարձել Հայ հեղափոխական դաշնակցության խմբակցության կազմը:

Այսպիսով, ՀՅԴ-ից 5-րդ գումարման ԱԺ-ի պատգամավոր կդառնա համամասնական ցուցակը գլխավորող Վահան Հովհաննիսյանը, 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Արմեն Ռուստամյանը, 4-րդ եւ 5-րդ հորիզոնականները զբաղեցնող Աղվան Վարդանյանը եւ Արծվիկ Մինասյանը:

Իսկ 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Արտյուշա Շահբազյանի եւ 6-րդ հորիզոնականը զբաղեցնող Կարինե Հարությունյանի` ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու հետեւանքով, ՀՅԴ-ից պատգամավոր կդառնա Արմեն Բաբայանը:

Մեր աղբյուրները հայտնեցին, որ Դաշնակցությունում դեռեւս չի քննարկվել խմբակցության ղեկավարի եւ քարտուղարի հարցը:

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում կայացել են խորհրդարանական ընտրություններ, որի նախնական արդյունքներով` Ազգային ժողով են անցնում 6 քաղաքական ուժեր` ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, Ժառանգություն, ՀՅԴ եւ ՕԵԿ: Ըստ այդմ, ՀՀԿ-ն ստացել է 44,05 տոկոս ձայն (40 մանդատ), ԲՀԿ-ն` 30,2 տոկոս ձայն (28 մանդատ), ՀԱԿ-ը` 7,1 տոկոս ձայն (7 մանդատ), «Ժառանգությունը»` 5,79 տոկոս ձայն (5 մանդատ), ՀՅԴ-ն` 5,73 տոկոս ձայն (5 մանդատ), ՕԵԿ-ը` 5,49 տոկոս ձայն (5 մանդատ):