Մատենադարանի համար հետաքրքրություն ներկայացնող երկու ձեռագրի ձեռքբերման նպատակով հատկացվել է 148,5 մլն դրամ (շուրջ 411,7 հազար դոլար): Համապատասխան որոշումն ընդունվել է հոկտեմբերի 22-ին՝ ՀՀ կառավարության նիստում:
Ավելի վաղ Մատենադարանի տնօրենի գլխավորած պատվիրակությունը Վիեննայում հանդիպել էր հանրահայտ «Inlibris» անտիկվարային գրատան գլխավոր տնօրեն Հուգո Վետշերեկի հետ և քննարկել հինգ արժեքավոր ձեռագրերի գնման պայմանները:
Հաշվի առնելով հավաքածուում ներառված երկու ձեռագրերի բացառիկ պատմամշակութային ու գիտական արժեքը՝ նպատակահարմար է համարվել դրանք ձեռք բերել պետական աջակցությամբ: Պետության ֆինանսավորումը կերաշխավորի այս բացառիկ արժեքների վերադարձն ու դրանց գրանցումը որպես Հայաստանի սեփականություն:
Երկու ձեռագրերից ամենավաղեմին 1353 թվականին Դրազարկում Սարգիս Պիծակի ժողովածուն է (գնահատված արժեքը՝ 250 000 եվրո), որն ընդգրկում է քարոզներ և վարքագրություններ: Ձեռագրում պահպանվել են նաև Ղուկասի ավետարանից պատառիկներ:
Երկրորդ ձեռագիրը 1695 թվականին Սպահանում Ազարիա գրչի ընդօրինակած շքեղազարդ Ավետարանն է (գնահատված արժեքը՝ 95 000 եվրո):
Բացի այդ, Մատենադարանը նախատեսում է ձեռք բերել նաև 1586 թվականի, 17-րդ դարի և 17–18-րդ դարերով թվագրվող ևս մեկ ձեռագիր:
Նշվում է, որ «Ձեռագրերի վերադարձ» նախաձեռնության շրջանակում Մատենադարանը պատրաստվում է համահայկական դրամահավաք սկսել՝ ամբողջ հավաքածուն գնելու նպատակով:




























