Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի խորհրդակցություն կանցկացնի վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուի և ներքին հետախուզության ծառայությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
Հանդիպմանը կմասնակցեն նաև ոլորտային նախարարները, սակայն մասնակիցների հստակ ցանկը հեռուստաալիքը չի հստակեցնում։
Խորհրդակցության նպատակն է նախագահին «մանրամասն զեկույց ներկայացնել» հոկտեմբերի 17-ի անկարգությունների վերաբերյալ։ Բացի այդ, կհստակեցվեն հետախուզական տվյալների հավաքագրման, սպառնալիքների կանխատեսման և անվտանգության ապահովման այն միջոցառումները, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել մինչև հոկտեմբերի 24-ին նախատեսված նոր բողոքի ակցիաները։
Ավելի վաղ ներքին հետախուզության հասցեին քննադատություն էր հնչել այն բանի համար, որ իրավապահ մարմինները պատրաստ չէին անկարգություններին։
Հոկտեմբերի 17-ին Փարիզում և ողջ Ֆրանսիայում զանգվածային ցույցեր եղան վառելիքի գների թանկացման և բնակչության գնողունակության անկման դեմ։ Կազմակերպիչների տվյալներով՝ դրանց մասնակցել է 800 հազար մարդ, մինչդեռ ՆԳՆ-ի հաշվարկով՝ 550 հազար, ինչը կրկնակի գերազանցել էր ուժային կառույցների վերլուծաբանների կանխատեսումները։ Մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճել էին անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։ Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը խոստացել է, որ իշխանությունները կշարունակեն պատասխանատվության ենթարկել ջարդերի և թալանի բոլոր մասնակիցներին։





























