ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բրիտանական The Independent-ի թղթակցին հեռացրել է նախագահին ուղեկցող լրագրողների խմբից։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Ըստ տեղեկությունների՝ Սպիտակ տունը նախօրեին ծանուցել է լրագրողին, որ նա չի կարող լուսաբանել Թրամփի Այովա կատարած այցը։ Պարբերականը սա որակում է որպես իշխանությունների հերթական քայլ, որով նրանք փորձում են «ճնշել իրենց դուր չեկող հրապարակումները»։
Բացի այդ, շաբաթվա սկզբին Սպիտակ տունը նախազգուշական նամակ էր ուղարկել Politico-ի գլխավոր խմբագիր Ջոնաթան Գրինբերգերին։ Նրանք պահանջել էին փոխել աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսի մասին «զրպարտիչ հոդվածները»՝ սպառնալով, որ հակառակ դեպքում լրագրողների առաջ կփակվեն Օվալաձև աշխատասենյակի, նախագահական օդանավի և պահպանվող այլ վայրերի դռները։ Politico-ն հերքել էր մեղադրանքների մի մասը, սակայն նշել էր, որ նյութերից մեկում իսկապես սխալներ են եղել և ուղղել այն։
Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր, որ Թրամփն իր նախկին մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթին առաջարկել էր լրագրողներին «դուրս վռնդել» Սպիտակ տնից, իսկ ճեպազրույցների դահլիճի տեղում վերականգնել փակ լողավազանը։ Մինչ այդ ԱՄՆ նախագահը հայտարարել էր CNN և MS NOW հեռուստաալիքների, ինչպես նաև Politico պարբերականի լրագրողներին հավատարմագրումից զրկելու մտադրության մասին (իր վարչակազմի վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածելու պատճառով)։ Նշված լրատվամիջոցների ներկայացուցիչները դիմել էին դատարան, որն էլ որոշում էր կայացրել պահպանել լրագրողների մուտքի իրավունքը մինչև դատական քննության ավարտը։





























