Ես շատ կոնկրետ ասել եմ, որ Ռուսաստանի որոշակի շրջանակներ, այո, փորձում են ապակայունացնել Հայաստանում իրավիճակը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22–ին, կառավարությունում ճեպազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով NEWS.am–ի հարցին, թե երբ վարչապետը խոսում է Հայաստանում իրավիճակն ապակայունացնելու մտադրության մասին, ո՞ւմ նկատի ունի, ինչո՞ւ ուղիղ չի նշում, թեև իր մեղադրանքները ամբողջովին Ռուսաստանին էին ուղղված։
«Բա 2023 թվականին ովքեր են ֆեյսբուքում գրառում անում՝ Հայաստանի ժողովրդին կոչ անելով դուրս գալ փողոցներ, և ապազգային իշխանությանը հեռացնել։ Ո՞վ էր անում դա»,–ասաց նա։
Անդրադառնալով գազի գնի 70 տոկոսով հնարավոր բարձրացմանը և նրան, որ ԿԲ նախագահն էլ է հայտարարել, որ դա մեր տնտեսության համար ապոկալիպտիկ է լինելու, վարչապետն ասաց. «Հայաստանի տնտեսությունում ապակալիպսիս չի լինելու, ովքեր դեռ խոսում են ապակալիպսիսի մասին, տնտեսությունից չեն հասկանում, ուղիղ եմ ասում։
Որովհետև 2018 թվին էին ապոկալիպսիս խոստանում, 19 թվին, 20 թվին, 21-ին, 22-ին, 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին։ Այդ ընթացքում ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանի տնտեսության հետ, Հայաստանի տնտեսությունը աճել է և շարունակելու է աճել։
Ես անընդհատ հարց եմ տալիս, ասում եմ՝ մենք պետք է մեզ հարց տանք, այդ ո՞նց է, որ կողքի Թուրքիայում գազը երեք-չորս անգամ ավելի թանկ է, իսկ այնտեղ աճացրած լոլիկը Հայաստանում աճացրած լոլիկից էժան է։ Պիտի այս հարցերը մեզ տա՞նք, թե՞ չէ։ Հայաստանի տնտեսությունը պետք է զարգանա և լինի մրցունակ։ ԿԲ–ն անկախ մարմին է, ինչ ուզի՝ կասի, ես կառավարության դիրքորոշումն եմ ասում»։











