Թուրքիայում հնագետները հայտնաբերել են ավելի քան 2 հազար տարվա հնության խճանկարե հատակ, որը նման տեսակի առաջին գտածոն է դարձել հին Քյուլթեփե-Քանեշ բնակավայրի պեղումների ամբողջ պատմության ընթացքում, որոնք սկսվել են 1948 թվականին, գրում է Archaeology գիտական հանդեսը։
Բացահայտումը նաև հնարավորություն է տվել հայտնաբերել հելլենիստական ժամանակաշրջանի միմյանց հաջորդած չորս մշակութային շերտեր, որոնք լույս են սփռում ժամանակակից Թուրքիայի տարածքում գոյություն ունեցած հին քաղաքակրթությունների քիչ ուսումնասիրված պատմության վրա։

Գտածոն արվել է երկրի կենտրոնական հատվածի Կեսարիա (նախկին անվանումը Փոքր Հայքի՝ Մաժաք. Մ.թ. 4-րդ դարի առաջին կեսին, մինչև Պապ թագավորը, այնտեղ էին օծվում և օրհնություն ստանում բոլոր հայոց կաթողիկոսները- խմբ.) նահանգում՝ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության, Անկարայի համալսարանի և Հարավային Կորեայի մշակութային ժառանգության ազգային հետազոտական ինստիտուտի համատեղ արշավախմբի ընթացքում։
Խճանկարե հատակի պահպանված հատվածի չափերը կազմում են մոտ 1,6 մետրը՝ 1,6 մետրի վրա։ Մոտակայքում հայտնաբերված լրացուցիչ մասերը ցույց են տալիս, որ ի սկզբանե խճանկարը զգալիորեն ավելի մեծ տարածք է զբաղեցրել։
Հնագետները պարզել են, որ դրա ստեղծման ժամանակ սկզբում հարթեցրել են հողը, ապա փռել մանրացված քարից և մանր հողից հիմք, իսկ վերևում տեղադրել փոքր գետաքարեր։ Շինարարության ընթացքում օգտագործվել են նաև խեցեղենի բեկորներ, կրաքար և այլ նյութեր։

Միմյանց վրա դասավորված չորս մշակութային շերտերը հետազոտողներին հնարավորություն կտան հետևել, թե ինչպես են փոխվել Քյուլթեփեի ճարտարապետությունն ու տարածքի օգտագործումը հելլենիստական ժամանակաշրջանում, որն ընդգրկում է մեր թվարկությունից առաջ 323–30 թվականները։ Տարբեր շերտերից հայտնաբերված արտեֆակտներն ու շինությունների մնացորդները համադրելով՝ գիտնականները հույս ունեն ավելի ճշգրիտ հաստատել բնակավայրի զարգացման ժամանակագրությունը։
Քյուլթեփե-Քանեշը հին Անատոլիայի կարևոր քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոն էր։ Բնակավայրը գոյություն է ունեցել մեր թվարկությունից առաջ III հազարամյակից մինչև հռոմեական ժամանակաշրջանը։ Խեթական թագավորության վերելքից առաջ այն եղել է Քանեշ թագավորության մայրաքաղաքը, որը հայտնի էր նաև Նեշա անունով, և համարվում է խեթական մշակույթի ձևավորման առանցքային կենտրոններից մեկը։
Վերին քաղաքը ներառում էր արքայական պալատներ և տաճարներ, իսկ ստորինում գտնվում էր կարումը՝ առևտրային թաղամասը, որտեղ ապրում և գործեր էին վարում վաճառականները։ Քյուլթեփեն հատկապես հայտնի է սեպագիր արձանագրություններով մոտ 23,5 հազար կավե սալիկների հավաքածուով։ Դրանք պարունակում են տեղեկություններ առևտրային գործարքների և ասորական ու անատոլիական վաճառականների առօրյա կյանքի մասին և ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» գրանցամատյանում։
Նոր գտածոն լրացնում է Անատոլիայի բազմաշերտ պատմության մասին տվյալները, որտեղ դեռևս Օսմանյան կայսրության և ժամանակակից Թուրքիայի ի հայտ գալուց շատ առաջ գոյություն ունեին զարգացած հասարակություններ՝ իրենց քաղաքական կառուցվածքներով, առևտրային կապերով, ճարտարապետական ավանդույթներով և գրերով։




























