Չինական Unitree Robotics ընկերությունը ներկայացրել է H2-X մարդանման ռոբոտը, որը նախատեսված է արտակարգ իրավիճակներում օգնություն ցուցաբերելու համար, գրում է Interesting Engineering-ը։
Գովազդային տեսանյութում ռոբոտը զինաթափում է դանակով հարձակվողին, ջարդում է ավտոմեքենայի դուռը, փոքր-ինչ բարձրացնում է մեքենան՝ սեղմված մարդուն ազատելու համար, և հետ է քաշում հետիոտնին մոտեցող ավտոմեքենայի ճանապարհից։ Միաժամանակ ընկերությունը դեռ չի հաստատել՝ արդյոք ռոբոտը կարո՞ղ է նման գործողություններ կատարել ինքնուրույն։
Հանչժոուում տեղակայված Unitree Robotics-ը H2-X-ը ներկայացրել է որպես պաշտպան-ռոբոտ, որը կարող է միջամտել վտանգավոր իրավիճակներին և փրկել մարդկանց։ Ցուցադրությունը կոչված է ցույց տալու, որ մարդանման մեքենաները կարող են կիրառվել ոչ միայն զվարճանքի և տպավորիչ հնարքների համար, այլև գործնական խնդիրներ լուծելու նպատակով։
Սակայն ընկերությունը չի բացահայտել նոր մոդելի մանրամասն տեխնիկական բնութագրերը։ Անհայտ է, թե H2-X-ը կոնկրետ ինչ տվիչներ, գործադիր մեխանիզմներ և կառավարման համակարգեր է օգտագործում, ինչպես նաև՝ ցուցադրված գործողությունները կատարվել են ինքնավար, հեռավար, թե նախապես պատրաստված սցենարով։
Նորույթը ստեղծվել է H2 մարդանման ռոբոտի հարթակի հիման վրա։ Ըստ ընկերության հրապարակած նախորդ մոդելի բնութագրերի՝ ռոբոտի հասակը մոտ 1,8 մետր է, իսկ զանգվածը՝ մոտ 70 կիլոգրամ։ Ռոբոտն ունի ազատության 31 աստիճան, այսինքն՝ կարող է շարժումներ կատարել բազմաթիվ անկախ կառավարվող հոդերի միջոցով։ Ոտքերի հոդերում առավելագույն պտտապահը հասնում է 360 նյուտոն-մետրի։
Այդ պարամետրերը թույլ են տալիս գնահատել մեքենայի շարժողական հնարավորությունները, սակայն ինքնին չեն ցույց տալիս, թե իրական պայմաններում ինչ քաշ այն կարող է բարձրացնել կամ տեղափոխել։ Unitree-ը նաև հայտարարել է, որ H2-X-ը կարող է աշխատել մոտ ութ ժամ, սակայն չի հստակեցրել մարտկոցի տարողությունը և աշխատանքի տևողությունը ֆիզիկապես բարդ առաջադրանքներ կատարելիս։
Գլխավոր հարցերից մեկը ռոբոտի՝ վտանգները ինքնուրույն ճանաչելու և որոշումներ ընդունելու կարողությունն է։ Որպեսզի մեքենան միջամտի հարձակմանը կամ մարդուն փրկի ճանապարհից, այն պետք է վերլուծի փոփոխվող իրավիճակը, կանխատեսի շրջապատողների շարժումները և գործի այնպես, որ լրացուցիչ վնաս չպատճառի։ Ընկերությունը դեռ չի բացատրել, թե H2-X-ը կոնկրետ ինչպես է հայտնաբերում վտանգը և որոշում, թե երբ պետք է միջամտել։
Սեպտեմբերին Unitree-ը ներկայացրել էր UnifoLM-X2-1.0 արհեստական բանականության մոդելը, որն, ըստ մշակողի հայտարարության, մարդանման ռոբոտներին հնարավորություն է տալիս ինքնուրույն մարտական շարժումներ ՝ ներառյալ հարվածներ, հարձակումների արգելափակում և խույս տալու գործողություններ կատարել։ H2-X-ի նոր ցուցադրությունը շարունակում է ընկերության աշխատանքը՝ ռոբոտների ֆիզիկական հնարավորությունները արհեստական բանականության վրա հիմնված կառավարման հետ համադրելու ուղղությամբ։
Գովազդային հոլովակի վերջում Unitree-ը նախազգուշացրել է ռոբոտի ինքնուրույն ձևափոխման և դրա չարտոնված օգտագործման վտանգի մասին։ Ընկերությունը խորհուրդ է տվել առնվազն երկու-երեք մետր հեռավորություն պահպանել։



























