Դանիան իր պատմության մեջ առաջին անգամ պատրաստվում է հայտարարել մեծ հեռահարության գերճշգրիտ հրթիռների գնման բազմամիլիարդանոց գործարքի մասին։ Երկիրը դրան պատրաստվում է երկրի անվտանգությունն ամրապնդելու ծրագրերի շրջանակում։ Այս մասին հայտնում է TV2 հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրները։
Դեռ նախորդ տարի Դանիայի կառավարությունը հայտնել էր ռուսական ռազմական սպառնալիքին դիմակայելու համար մեծ հեռահարության հարձակողական սպառազինություն ձեռք բերելու մտադրության մասին։
Մասնավորապես, Դանիան կհայտարարի ամերիկյան Covenant ռազմարդյունաբերական ընկերության արտադրած Anthem տեսակի հրթիռների գնման մասին։
Բացի այդ, երկիրն իր F-35 կործանիչների համար ձեռք կբերի Joint Strike Missile (JSM) հրթիռներ, որոնք արտադրում են նորվեգական Kongsberg ընկերությունն ու ամերիկյան Raytheon խումբը։
Ի վերջո, նախատեսվում է հետագայում գնել նաև ամերիկյան JASSM հրթիռներ, որոնք աչքի են ընկնում մեծ հեռահարությամբ և հարվածային հսկայական հզորությամբ։
Այսպիսով, Դանիան կկարողանա հարձակողական զենք կիրառել։
Կառավարությունն ավելի վաղ սա որակել էր որպես մոտեցումների արմատական փոփոխություն, քանի որ սպառազինության նոր տեսակները կարող են թիրախներ խոցել ռուսական զորքերի առաջնագծից շատ ավելի խորքում։
Մինչդեռ Դանիայի զինված ուժերը միշտ ունեցել են բացառապես պաշտպանական ուղղվածություն։
Հաղորդվում է, որ հինգշաբթի՝ ժամը 15:30-ին, Դանիայի պաշտպանության նախարար Եպպե Բրուուսը մամուլի ասուլիս կտա։





























