Հարյուրավոր ամերիկացի իրավաբաններ անվճար հիմունքներով պատրաստակամություն են հայտնել հետևելու ԱՄՆ Կոնգրեսի առաջիկա միջանկյալ ընտրությունների ընտրական գործընթացի արդարությանը։ Դեմոկրատների և իրավապաշտպանների շրջանում ընտրությունների ընթացքի վրա հնարավոր ազդեցության հետ կապված մտահոգությունների ֆոնին՝ նրանք կհամագործակցեն ընտրական իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների հետ։ Այս մասին հայտնում է Financial Times (FT) պարբերականը։

«Եթե [ԱՄՆ նախագահ Դոնալդ] Թրամփն անօրինական քայլերի գնա, մենք դատական գործընթացներ կնախաձեռնենք ամենավճռական ձևով»,- պարբերականին ասել է Democracy Defenders Fund ոչ առևտրային կազմակերպության հիմնադիր Նորման Այզենը։ Նրա խոսքով՝ ընտրությունների հետ կապված անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերելու համար կազմակերպությունը ներգրավել է ԱՄՆ ավելի քան մեկ տասնյակ իրավաբանական ընկերությունների։ Մասնագետներն արդեն վերլուծել են հնարավոր վտանգներն ու պատրաստել հայցադիմումների նախագծերը։

Մեկ այլ ոչ առևտրային կազմակերպություն՝ Lawyers for Good Government-ը, ներգրավել է շուրջ 700 իրավաբանի։ Նրանք «կփաստաթղթավորեն ընտրական օրենսդրության հնարավոր խախտումները, կպատրաստեն դատական հայցեր և կհասնեն սոցիալական ցանցերից ապատեղեկատվության հեռացմանը»։ Յուրաքանչյուր նահանգում գործում է օպերատիվ կենտրոն, որոնց մեծ մասը ղեկավարում են հենց իրավաբանական ընկերությունները։

Պարբերականի փոխանցմամբ՝ Թրամփի հակառակորդները մտավախություն ունեն, որ նա կասկածի տակ կդնի ընտրությունների օրինականությունը, եթե հանրապետականները ցածր արդյունք գրանցեն։ Ավելի վաղ նա ձգտում էր ուժեղացնել ընտրական գործընթացի դաշնային վերահսկողությունը, սահմանափակել փոստով քվեարկությունը, ինչպես նաև չէր բացառել ընտրատեղամասերում ներգաղթի ծառայության աշխատակիցների ներկայությունը։

ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին։ Կվերընտրվի ԱՄՆ Կոնգրեսի Սենատի մեկ երրորդն ու Ներկայացուցիչների պալատի ողջ կազմը, ինչպես նաև 36 նահանգների և տարածքների նահանգապետերը։ Կոնգրեսի երկու պալատներն այժմ գտնվում են հանրապետականների վերահսկողության տակ։