Գոլֆի գնդակի չափի ավերիչ կարկուտ է տեղացել ամերիկյան Արիզոնա նահանգի հյուսիսային և կենտրոնական հատվածներում։ Այդ մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ ուժգին քամու և խոշոր կարկուտի հետևանքով մինչև 9 մետր բարձրություն ունեցող տասնյակ խոշոր ծառեր են տապալվել։ Տեղումները վնասել են ավտոմեքենաներ ու շենքերի տանիքներ, ջարդվել են տների պատուհանները։

ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայության ներկայացուցիչ Ռայան Բեռնհարտը նշել է, որ նման եղանակային երևույթները «տարվա այս եղանակին խիստ անսովոր են այս տարածաշրջանի համար»։ Նա զգուշացրել է տորնադոյի առաջացման բարձր վտանգի մասին։ 2010 թվականից ի վեր առաջին անգամ է նահանգում հնարավոր տորնադոյի վերաբերյալ նախազգուշացումներ են հայտարարվել:

Բացի այդ, առկա է տեղատարափ անձրևների և հանկարծահաս հեղեղումների վտանգ։