Հայաստանը կարող է քայլեր ձեռնարկել՝ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխությանը նվիրված ամենախոշոր համաժողովը հյուրընկալելու համար։ Այս մասին հոկտեմբերի 22-ին՝ Կառավարության նիստին հաջորդած ավանդական ճեպազրույցի ընթացքում, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանում COP17 համաժողովի անցկացման շուրջ հնչող քննադատություններին։
«Մեզ ինչ-որ պատճառով թվում է, թե աշխարհում մարդիկ արթնանում են, ու նրանց առաջին միտքը պատմական հայկական քաղաքակրթության և ընդհանրապես հայ ժողովրդի մասին է։ Հայաստանի Հանրապետությունն աշխարհում շատ սահմանափակ ճանաչելիություն ունի, և COP17-ի նման միջոցառումները նպատակ ունեն նաև բարձրացնել երկրի ճանաչելիությունը։ Իսկ ճանաչելիությունը տնտեսական գործոն է։ Թող այդ մարդիկ գան Երևան, տեսնեն մարդաշատ հյուրանոցները, սրճարաններն ու ռեստորանները և զրուցեն տաքսիստների հետ, որոնք գործի պակաս չունեն»,- ասաց Փաշինյանը։
Նա հավելեց, որ COP համաժողովներից ամենախոշորը նվիրված է կլիմայի փոփոխությանը, և 2026 թվականի նոյեմբերին այն հյուրընկալելու է Թուրքիան։
«Հնարավոր է, որ Հայաստանը նույնպես քննարկի COP կլիմայական համաժողովն անցկացնելու տարբերակը։ Ժամանակակից Հայաստանն իրեն դիրքավորում է որպես այնպիսի երկիր, որն ի վիճակի է բարձր մակարդակի միջազգային հանդիպումներ հյուրընկալել»,- նշեց գործադիրի ղեկավարը։





























