Քրիստոնեության ձախողում է սպառնում, իսկ իսլամը հաղթանակելու է: Նման եզրակացության են հանգել իրանցի աստվածաբանները, ուսումնասիրելով հին մագաղաթը, որ 2000թ. Թուրք մաքսավորները առգրավել էին հնաոճ իրերի վաճառականների մոտից: Տեքստը, որ գրվել էր արամեերենի սիրիական բարբառով, համարվում է Կիպրական եկեղեցու հիմնադիր եւ Քրիստոսի աշակերտների մեկի` Բարնաբա առաքյալի Ավետարանը:

Առգրավումից հետո գրվածքը 12 տարի մնացել է Թուրքիայի անվտանգության վարչության պահեստարանում, եւ միայն այժմ այն հանձնել են գիտնականներին` հետազոտելու համար: Ինչպես գրում է The Daily Mail-ը, այն տեղափոխել են մինչեւ ատամները զինված ոստիկանների պահպանության տակ:

Իրանցի աստվածաբանները, ուսումնասիրելով ձեռագիրը, եկել են եզրակացության, որ այն գրվել է Մուհամեդ մարգարեի ծննդից առաջ, սակայն կանխագուշակել է նրա գալուստն ու իսլամի հայտնվելը: Ձեռագրում իբր ձեւակերպում կա. «Լյա էլահ էլա Ալլահ, Մուհամեդ ռասուլ Ալլահ», «Չկա այլ Ատսված Ալլահից բացի, եւ Մուհամեդը նրա մարգարեն է»: Իրանցիների պնդմամբ, գրքում ասվում է, որ Հիսուս Քրիստոսը խաչի վրա չի մահացել եւ ինքն է գուշակել Մուհամեդի գալուստը:

Ավելի ուշ իրանցիներին են միացել նաեւ թուրք մասնագետները, որոնք հեղափոխություն են կանխատեսել համաշխարհային կրոններում: վատիկանը պաշտոնապես դիմել է թուրքական իշխանություններին մագաղաթի հետ ծանոթանալու խնդրանքով: