Ֆիզիկական և իրավաբանական անձանցից սպառման համակարգը ՀԷՑ-ի բաշխման ցանցին միացնելու (նոր բաժանորդ դառնալու) հայտերի թիվը վերջին տարիների համեմատ՝ այս տարի բառացիորեն կրկնապատկվել է։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀԷՑ կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Տարեսկզբից մինչ այս պահը ՀԷՑ-ում մուտքագրվել է 15.057 նոր միացման հայտ, որից արդեն ցանցին է միացվել ավելի քան 9.000 նոր բաժանորդ, այն դեպքում, երբ 2025թ. այս փուլի դրությամբ հայտերի թիվը 9.030 էր, որից միացվել էր շուրջ 7.600-ը։ Իսկ 2024թ. այս օրերի դրությամբ նոր միացման հայտերի թիվը եղել է ընդամենը 7.578 (2026թ.-ի հայտերի ուղիղ կեսը)։
Մեր երկրում ՀԷՑ-ի բաժանորդ դառնալու հայտերի այս ահռելի աճը պայմանավորված է թե՛ տնտեսության, մասնավորապես, կապիտալ շինարարության ծավալների աննախադեպ աճով, և թե՛ ժամանակավոր կառավարման շրջանում նոր միացումների սակագների էական նվազեցման (մինչև 40%) փաստով։
ՀԷՑ-ի մասնագիտական ստորաբաժանումներն անում են առավելագույնը՝ նույն մարդկային ռեսուրսների և ոլորտում առկա բավականին նվազ կարողությունների պարագայում հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացնելու բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ ստացված նոր միացումների ահռելի քանակով հայտերի պատշաճ սպասարկման ուղղությամբ»։





























