The New York Times թերթը պատմել է երեք տարվա հնության մի լուսանկարի մասին, որտեղ պատկերված է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` կռացած փոքրիկ սեւամորթ տղայի առաջ, իսկ վերջինս ձեռքը դրել է Օբամայի գլխին:

Լուսանկարն արվել է Սպիտակ տան օվալաձեւ դահլիճում 2009-ի մայիսին: 5 տարեկան Ջեյքոբ Ֆիլադելֆիան այդ օրը Սպիտակ տանն էր հոր հետ, ով  ծովային հետեւակի նախկին զինծառայող է: Նա ավարտել էր իր աշխատանքը ազգային անվտանգության խորհրդում:

Նախագահի վարչակազմից հեռացող աշխատակիցները, սովորության համաձայն, խնդրում են նախագահին լուսանկարվել իրենց ընտանիքների հետ: Լուսանկարվելուց հետո Քարլթոն Ֆիլադելֆիան Օբամային հայտնել է, որ իր որդիները մեկական հարց են ուզում տալ նախագահին:

Առաջինը խոսել է Ջեյքոբը, ով ասել է«Ես ուզում եմ իմանալ, Ձեր մազերն իմի նմա՞ն են, թե` ոչ»: Օբաման իրեն չի կորցրել եւ կռանալով փոքրիկի առաջ, նրան խորհուրդ է տվել անձամբ ձեռք տալ ու համոզվել դրանում, գրում է NEWSru.com-ը:

«Ե՞վ, ինչ ես կարծում» հարցրել է Օբաման, ինչին փոքրիկը պատասխանել է. «Այո, նույնն են»:

Օբամայի օգնական Դեւիդ Աքսելրոդը ձեւափոխել է դրվագը եւ համապատասխանեցրել ամերիկյան երազանքին: «Իրականում փոքրիկը մտածել է. «Այ քեզ բան, նախագահն այնպիսին է, ինչպես ես»: Եվ հեռու չէ այն օրը, որ այդ փոքրիկը կմտածի. «Գուցե ես էլ ինչ-որ ժամանակ նախագահ դառնամ»:

Ինքը` Ջեյքոբը, ով արդեն 8 տարեկան է, ասում է, որ իսկապես երազում է նախագահ դառնալ կամ օդաչու: