Շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու, կայուն տնտեսությունը չի ենթադրում ընտրություն կատարել բնության և զարգացման միջև․ այս գաղափարի շուրջ էր ՄԱԿ-ի կենսաբաղմազանության COP17 համաժողովի շրջանակում Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատը (AmCham) մեկտեղել կառավարության, բիզնեսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Որպես պետական ու մասնավոր սեկտորները կապող օղակ՝ AmCham-ը պանելային քննարկում էր նախաձեռնել՝ խթանելով ավելի ուժեղ ու դիմակայուն տնտեսություն կառուցելու գործընթացը։
«COP17-ի հարթակն այնքանով է կարևոր, որ կենսաբազմազանության պահպանումը ոչ միայն օրակարգային հարց է, այլև ամենօրյա գործելավոճ։ Այս առումով չափազանց կարևորում ենք մեր միջազգային գործընկերների փորձի փոխանակումը, քանի որ այդ ընկերություններն իրենց կառուցվածքում արդեն իսկ ներդրել են ESG չափանիշներն ու կայուն բիզնես վարելու համակարգերը»,- նշեց ԱԱՊՀ նախագահ Էլինա Մարկարյանը։
AmCham-ի միջազգային գործընկերներից Philip Morris International-ն (PMI) իր երկարաժամկետ ռազմավարությունում առանձնակի շեշտադրում է կատարում բնապահպանական բաղադրիչի վրա։ Ընկերության՝ մինչև 2030 թվականի ռազմավարական ծրագիրը ներառում է էկոհամակարգերի պահպանման հստակ քայլեր, որտեղ անտառների, ջրային ռեսուրսների և հողերի պաշտպանությունը դիտարկվում են որպես արժեշղթայի անբաժանելի մաս։
«Բնությունը պաշտպանելու համար նախ և առաջ պետք է հասկանալ այն, արժևորել կենսաբազմազանության դերը ձեր արժեշղթայում։ Մենք դա անում ենք կոնկրետ գնահատումների միջոցով՝ հասկանալով մեր կախվածությունը բնությունից՝ ջրի հասանելիությունից ու որակից մինչև հողի բերրիություն, առանց որոնց չէինք կարող աշխատել։ Որպեսզի այս ծառայությունները մնան կայուն, անհրաժեշտ է հասցեագրել նաև բնության վրա ձեր ունեցած ազդեցությունը։ Եվ երբ հասկանում եք այդ ազդեցությունները, պետք է լուծումներ տաք։ Արտանետո՞ւմ եք ջերմոցային գազեր, գոյանո՞ւմ են ածխաթթու գազի արտանետումներ, ուրեմն պետք է ունենաք ռազմավարություն՝ ջերմոցային գազերի արտանետումները կրճատելու համար։ Եվ PMI-ում մենք ունենք այդ ռազմավարությունը»,- նշեց Philip Morris International-ի բնապահպանական կայունության հարցերով տնօրեն Միկելե Պիզետան։
Այն, որ կայուն զարգացումն ու «կանաչ» մոտեցումը բիզնեսի միջազգային մրցունակությունը բարձրացնելու կարևոր բաղադրիչ են, ընդգծում է նաև քննարկմանը մասնակցող Էկոնոմիկայի նախարարի տեղակալը։ Այն ընկերությունները, որոնք կհրաժարվեն «կանաչ» տեխնոլոգիաների ներդրումից, հետ կմնան գլոբալ մրցակցությունից։ Կայուն զարգացում ապահովելու ճանապարհին բիզնեսին աջակցելու համար պետությունը դիմում է հստակ քայլերի՝ հայտարարություններից անցնելով գործնական մեխանիզմների ներդրման:
«Լիզինգի սուբսիդավորում՝ մաքուր և ավելի արդյունավետ սարքավորումների, այդ թվում՝ կենսագազի և «կանաչ» ջրածնային տեխնոլոգիաների սկզբնական ծախսերը նվազեցնելու համար։ Երկրորդ՝ աջակցություն վերականգնվող էներգետիկային և կուտակիչ համակարգերին, ինչը մեզ համար շատ հստակ առաջնահերթություն է։ Երրորդ՝ փոփոխություններ հարկային համակարգում՝ ուղղված երկրորդային հումքի վերամշակմանը։ Եվ չորրորդ՝ աշխատանք արդյունաբերական գոտիների ուղղությամբ, որոնք ի սկզբանե նախագծում ենք ժամանակակից ենթակառուցվածքների և ռեսուրսների արդյունավետ օգտագործման շուրջ»,- նշեց էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գասպարյանը:
«Կանաչ» օրակարգն առաջնահերթություն է պետական ապարատի բոլոր օղակների համար։ Գործընթացին ակտիվորեն ներգրավված է նաև Պետական եկամուտների կոմիտեն, որտեղ բնապահպանական չափանիշները ներդրվում էին ինչպես հարկային ու մաքսային վարչարարությունում, այնպես էլ լոգիստիկ կենտրոնների կառուցման և սահմանային անցակետերի վերազինման ծրագրերում։
«Երևանում և Սյունիքում նախատեսվում է մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցում, որոնք, բացի նրանից, որ թույլ են տալու արտաքին տնտեսական գործունեությանն առնչվող բոլոր ծառայությունները մատուցել մեկ վայրում, նաև բնապահպանական անվտանգության տեսանկյունից են շատ կարևոր, քանի որ շինարարությունն ամբողջությամբ իրականացվելու է «կանաչ» շինարարության միջազգային չափանիշներին համապատասխան՝ LEED հավաստագրմամբ»,- ընդգծեց ՀՀ ՊԵԿ միջազգային համագործակցության վարչության պետ Սոսե Ստեփանյանը։
Թեև COP17-ի շրջանակում մեկնարկած քննարկումները կավատվեն հոկտեմբերի 30-ին, AmCham-ն ու գործընկերները նպատակ ունեն «կանաչ» լուծումների շուրջ համագործակցությունը շարունակել նաև համաժողովից հետո՝ գլոբալ հանձնառությունները վերածելով հայաստանյան բիզնեսի համար իրական ու չափելի արդյունքների։











