ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի թիմը կոտրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների հրամանատար, ԱՄՆ նախկին նախագահ Դուայթ Էյզենհաուերին պատկանող պատմական հատակադիր գլոբուսը (շուրջ 76 սմ տրամագծով)։ Պատմական մասունքը փորձել են նախարարի աշխատասենյակ տեղափոխել սեփական ուժերով՝ առանց մասնագետների օգնության, գրում է The Washington Post (WP) պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ տեղեկությունների՝ Պենտագոնում պահվում է հատակադիր երկու գլոբուս, որոնցից Երկրորդ աշխարհամարտի տարիներին օգտվել է նաև Էյզենհաուերը։ Դրանցից մեկը գրավել է Հեգսեթի ուշադրությունը, և նա իր աշխատակիցներին հանձնարարել է այն բերել իր սենյակ՝ չդիմելով պատմական իրերի պահպանության մասնագետներին։ Տեղափոխման ընթացքում գլոբուսը վայր են գցել, ինչի հետևանքով մետաղական առանցքը հարվածից ծակել է գունդը։ Թերթի տրամադրության տակ հայտնված լուսանկարներում երևում են գլոբուսի վնասված մակերեսն ու հատակին թափված պատառիկները։
Պարբերականը նշում է, որ սովորաբար նման արժեքավոր իրերի տեղաշարժը խստորեն վերահսկում են մասնագետները։ Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի սկզբին՝ դաշնային կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման («շաթդաունի») ժամանակ, ինչի պատճառով ԱՄՆ ԶՈՒ ռազմական պատմության կենտրոնի աշխատակիցներն անվճար արձակուրդում էին և չէին կարող զբաղվել գլոբուսի փոխադրմամբ։ Հեգսեթի թիմը նրանց չի սպասել և որոշել է գործն ինքնուրույն անել, սակայն վնասվելու պատճառով պատմական նմուշն այդպես էլ նախարարի աշխատասենյակ չի հասել։
Հրապարակման համաձայն՝ կատարվածի մասին նախկինում չէր բարձրաձայնվում, քանի որ տեղի ունեցածը ռազմական գերատեսչությունում համարել են «իսկական խայտառակություն»։ Դեպքն ակնթարթորեն «բամբասանքների ու կատակների առիթ է դարձել» Պենտագոնի ներսում։
Դուայթ Էյզենհաուերը 1943-1945 թվականներին եղել է Արևմտյան Եվրոպայում դաշնակիցների արշավախմբային ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, իսկ 1953-1961 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ 34-րդ նախագահի պաշտոնը։





























