Չինաստանի փորձը քաղաքային օդի որակի բարելավման, ջրաճահճային տարածքների պահպանության և բնությունը քաղաքային պլանավորման մեջ ինտեգրելու ոլորտներում կարող է արժեքավոր օրինակ դառնալ աշխարհի տարբեր քաղաքների համար։ Այդ մասին ICLEI- «Տեղական իշխանություններ հանուն կայուն զարգացման» կազմակերպության ներկայացուցիչ Ինգրիդ Կուտզեն հայտարարել է NEWS.am-ին՝ Երևանում COP17-ի շրջանակում։
Քեյփթաունում (ՀԱՀ) բնակվող Կուտզեն իբրև չինական քաղաքների օրինակներ, որոնք նշանակալի առաջընթաց են գրանցել բնապահպանական խնդիրների լուծման գործում, մատնանշել է Պեկինն ու Ուհանը։
Պեկինը, որը նախկինում բախվում էր օդի լուրջ աղտոտման, կարողացել է նվազեցնել աղտոտվածության մակարդակը և ընդլայնել կանաչ գոտիները։ Կուտզեն նշել է, որ քաղաքը ձգտում է ապահովել, որպեսզի Պեկինի յուրաքանչյուր բնակիչ և աշխատող կարողանա հասնել հանրային կանաչ տարածք առավելագույնը 15 րոպեի ընթացքում։
Ուհանն, իր հերթին, հայտնի է «սպունգ-քաղաք» հայեցակարգով, որը ենթադրում է ջրաճահճային տարածքների և այլ բնական լուծումների օգտագործում՝ ջրհեղեղների դեմ պայքարի, կենսաբազմազանության պահպանման և ածխածնի կլանման համար։ Ըստ Կուտզեի՝ քաղաքի փորձը հաջողված գործելակերպերի օրինակ է, որոնք կարող են կիրառվել նաև այլ երկրներում։
Նա ընդգծել է, որ փորձի փոխանակումը կարևոր դեր է խաղում քաղաքների կայուն զարգացման խթանման գործում։ ICLEI-ն նպաստում է քաղաքների միջև փոխգործակցությանը, դրանց թվում՝ երկկողմ համագործակցությանը և միջազգային միջոցառումների անցկացմանը, որոնք միավորում են տեղական իշխանությունների ներկայացուցիչներին, փորձագետներին և գործնական մասնագետներին։ Մասնավորապես, կազմակերպությունը նպաստել է Հարավային Աֆրիկայի քաղաքների և Չենդուի միջև փորձի փոխանակմանը, ինչպես նաև զարգացրել է համագործակցությունը ջրաաճահճային տարածքների պահպանության և կայուն զարգացման այլ հարցերի ոլորտում։
Չինական քաղաքները նաև միջազգային հարթակների, դրանց թվում՝ ICLEI-ի առցանց ռեսուրսների միջոցով, կիսվում են գործնական մեթոդաբանություններով, գործիքներով և հաջողված նախագծերի օրինակներով։ Այդ նյութերն ընդգրկում են այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են կենսաբազմազանությունը, բնահեն լուծումները, շարժունակությունն ու օդի որակը՝ աշխարհի տարբեր քաղաքներին տրամադրելով բնապահպանական խնդիրների լուծման տարբեր մոտեցումների հասանելիություն։
Գնահատելով կենսաբազմազանության պաշտպանության գործում Չինաստանի միջազգային դերը՝ Կուտզեն նշել է երկրի ներդրումը Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագրի ընդունման և Կունմինի կենսաբազմազանության հիմնադրամի ստեղծման գործում։ Նա ընդգծել է, որ Չինաստանը կարևոր դեր է խաղում՝ խթանելով երկրներին ավելի հավակնոտ նպատակներ սահմանել և արագացնել ծրագրի նպատակային ցուցանիշներին հասնելու ուղղությամբ գործողությունները։
Կուտզեն նաև բարձր է գնահատել Հայաստանում COP17-ի կազմակերպումը՝ Երևանի համաժողովի հարթակը բնութագրելով որպես կոմպակտ և հյուրընկալ։ Նա առանձին նշել է քաղաքի կանաչ գոտիները, այգիներն ու հետիոտնային տարածքները։
Ըստ Կուտզեի, որը երկու օր մասնակցել է համաժողովին, COP17-ում Հայաստանի նախագահությունն առանձնանում է ակտիվ և հստակ մոտեցմամբ։ Երևանը սերտորեն համագործակցում է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության և մյուս կողմերի հետ՝ ապահովելու համար, որ համաժողովի օրակարգը համապատասխանի դրված նպատակներին։
Կուտզեն լավատեսություն է հայտնել համաժողովի հետագա ընթացքի վերաբերյալ՝ նշելով, որ Հայաստանն ու Երևանն իր վրա ուժեղ տպավորություն են թողել, իսկ միջոցառման կազմակերպումն այս պահին հիմք է տալիս ակնկալելու COP17-ի հաջող անցկացում։





























