«Անկախ դիտորդ» դաշինքի ահազանգից հետո հաջողվել է գտնել այն ընտրողներին, որոնց քվեն անտեսվել էր Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՔԱ Վանաձորի գրասենյակից։
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ավելի վաղ հայտարարել էինք, որ փնտրում ենք Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի 10/51, Արտաշատ համայնքի Աբովյան գյուղի 12/13 և Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի 35/65 տեղամասերի ընտրողներին, որոնք գտնում են, որ իրենց տեղամասերի արդյուքնների չեղարկման և վեաքրվեարկության չնշանակման հետևանքով խախտվել են իրենց ընտրական իրավունքները։
Անկախ դիտորդ դաշինքի անդամ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպությունը ստանձնել է այս քաղաքացիների շահերի պաշտպանությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ): Դիմումը ներկայացվել է 3 քաղաքացիների անունից։
Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումի առանցքում այն հանգամանքն է, որ նշված տեղամասերի արդյունքների չեղարկումը էական ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա, ուստի վերաքվերակություն չնշանակելը խախտել է ընտրողների իրավունքները։
Ընտրական իրավունքը ոչ միայն ընտրությունների օրը քվերակելու հնարավորությունն է, այլ տեսնելը, թե ինչպես է այդ քվեն ազդում ընտրվող մարմնի կազմավորման վրա։
Իշխանությունների ձևավորմանը մասնակցելու իրավունքը ժողովրդավարության առանցքային արժեքներից է։ Ոչ մի քվե չպետք է անտեսվի, և յուրաքանչյուր ընտրողի ձայն պետք է պաշտպանված լինի՝ համաձայն ՀՀ Սահմանադրության և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր արձագանքեցին մեր կոչին և պատրաստակամություն հայտնեցին պաշտպանել իրենց սահմանադրական իրավունքը։





























