Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է Ուկրաինայի քաղաքացու, որին կասկածում են ռուսական հատուկ ծառայության համար ռազմական արտադրության և ՆԱՏՕ-ի արևելյան թևի պաշտպանությանն առնչվող օբյեկտների մասին հետախուզական տեղեկություններ հավաքելու մեջ, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի դաշնային դատախազությանը։

Ձերբակալվածը, որի անունը մասամբ բացահայտվել է որպես Վադիմ Ի., ենթադրաբար տեղեկություններ էր հավաքում զրահապատ տեխնիկայի, զինամթերքի և պայթուցիկ նյութերի արտադրության, ինչպես նաև աշխատակիցների ու ռազմական օբյեկտների մասին։ Քննության վարկածով՝ նա առնվազն 2025 թվականի հուլիսից այդ տեղեկությունները միջնորդի միջոցով փոխանցել է ռուսական հետախուզությանը։

Տղամարդուն ձերբակալել են Բրանդենբուրգ դաշնային հողի Օդեր-Շպրեե շրջանում՝ Բեռլինից արևելք։ Գործողությունն իրականացրել է Դաշնային քրեական ոստիկանության վարչությունը՝ Սահմանադրության պաշտպանության դաշնային գերատեսչության՝ Գերմանիայի ներքին անվտանգության ծառայության տրամադրած տեղեկատվության հիման վրա։

Դատախազության տվյալներով՝ կասկածյալը տեղեկություններ էր հավաքում բաց աղբյուրներից, ինչպես նաև նպատակաուղղված կապեր էր հաստատում եվրոպական պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչների հետ՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար։

Գերմանիան Ուկրաինայի խոշորագույն աջակիցներից է և մեծացնում է սեփական պաշտպանության վրա ծախսերը՝ Ռուսաստանից բխող սպառնալիքի հետնապատկերին։ Բեռլինը բազմիցս մեղադրել է Մոսկվային «հիբրիդային պատերազմ» վարելու մեջ, ներառյալ լրտեսությունն ու դիվերսիաները։ Ռուսաստանը մերժում է այդ մեղադրանքները։

Հոկտեմբերի սկզբին Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության ղեկավար Մարտին Եգերը պատգամավորներին հայտարարել էր, որ Ռուսաստանի և Գերմանիայի ու նրա դաշնակիցների միջև ծավալվող գաղտնի դիմակայությունն ուժեղանում է և ավելի վտանգավոր բնույթ է ստանում։ Ըստ նրա՝ Գերմանիայի՝ Ռուսաստանի հետ զինված հակամարտության մեջ ներքաշվելու վտանգ կա։