Փարիզում մի քանի հարյուր ուսանող մասնակցել է Իլ-դը-Ֆրանս շրջանի Interfac միջբուհական միավորման կազմակերպած բողոքի ցույցին։ Թեև իշխանություններն ավելի վաղ արգելել էին ակցիան, այն ի վերջո կայացել է, քանի որ վարչական դատարանը չեղարկել է արգելքը։

Ցուցարարները հավաքվել են Պիտիե-Սալպետրիեր հիվանդանոցի մոտ՝ սպասելով, մինչև ոստիկանությունը երթի համար բացի փողոցը։ Երթի կենտրոնում նրանք մեծ պաստառ էին պարզել՝ հետևյալ գրությամբ․ «Մեզ արցունքաբեր գազ պետք չէ, որ մեր ապագան մշուշոտ լինի»։

Նանտերի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողուհի Կլարան նշել է, որ բողոքի ակցիան արտահայտում է մի ամբողջ սերնդի տրամադրությունները․ երիտասարդներին անհանգստացնում են պատերազմները, կլիմայի փոփոխությունն ու այն փաստը, որ քաղաքական գործիչները տարիներ շարունակ անտեսում են իրենց ձայնը։ Նրա խոսքով՝ իշխանությունները երիտասարդներին վերևից են նայում և նրանց պահանջներին լուրջ չեն վերաբերվում։

Արժանտյոյի արհեստագործական լիցեյի պատմության և ֆրանսերենի դասախոս, CGT արհմիության ու «Չնվաճված Ֆրանսիա» կուսակցության ակտիվիստ Ժյուլիեն Էնտեն նկատել է, որ երիտասարդները տեսնում են, թե ինչ դժվարությունների միջով են անցնում իրենց ընտանիքները․

«Իրականում մենք ապրում ենք մի երկրում, որտեղ բնակչությանը հյուծում են թե՛ ֆիզիկապես, թե՛ բարոյապես, թե՛ ֆինանսապես»,- ասել է նա։

Էնտեն կոչ է արել հիմնովին վերափոխել կրթական համակարգը, որպեսզի այն օգնի երիտասարդներին զարգանալ ու ինքնուրույն դառնալ, այլ ոչ թե պահպանի փոքրաթիվ խավի արտոնությունները։

Ֆրանսիայում բողոքի ակցիաները սկսվել են սեպտեմբերի կեսերից, երբ Փարիզի արվարձաններում փողոց դուրս եկան ավագ դպրոցների աշակերտները՝ պահանջելով բարելավել դպրոցների պայմանները։ Ավելի ուշ նրանց միացան երկրում գների աճից դժգոհ քաղաքացիները, և ցույցերը տարածվեցին նաև այլ շրջաններում։

Ամենամարդաշատը հոկտեմբերի 17-ի համապետական ցույցն էր, որին, ըստ ՆԳՆ տվյալների, մասնակցել է շուրջ 550 հազար մարդ։ Ֆրանսիացի իրավապահները ցուցարարների դեմ կիրառել էին արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ և ջրցան մեքենաներ։