Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր` մայիսի 25-ին, ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամներ Սոֆի Ժուասենին, Ֆիլիպ Մարինիին եւ Բերնար Ֆուրնիեին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին` Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել ֆրանսիացի սենատորների անձնական ներդրումը հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ խորացման, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարանների համագործակցության զարգացման գործում:
Հայաստանի արտգործնախարարն ողջունել է ֆրանսիացի սենատորների այցելությունն Արցախ՝ ընդգծելով, որ նմանատիպ այցելությունները հնարավորություն են ստեղծում անձամբ տեսնելու եւ առաջին ձեռքից տեղեկանալու տեղի ունեցող զարգացումների մասին:
Ֆրանսիացի սենատորներն իրենց հերթին գոհունակություն են հայտնել Հայաստան եւ Արցախ իրենց այցելությունից եւ իրենց տպավորությունները կիսել Ստեփանակերտում ունեցած հանդիպումներից: Սենատորները բարձր գնահատական են տվել Արցախում հաստատված ժողովրդավարական կարգերին:
Հանդիպմանը հանգամանալից քննարկվեց հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան - Եվրոպամիություն համագործակցության, ինչպես նաեւ մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ:




























