ԱՄՆ-ի և Իսրայելի զինվորականները նոյեմբերի 3-ին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո Իրանի ուղղությամբ հարվածները վերսկսելու ծրագրեր են մշակել, գրում է The New York Times-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին և քննարկումներին մոտ կանգնած աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ երկու երկրների զինված ուժերն ակտիվացրել են զորավարժությունները և ավիացիոն մանևրներ են փորձարկում Իրաքի օդային տարածքում։ Դիտարկվում է կարճատև, բայց ինտենսիվ ռազմական գործողության հնարավորությունը։ Հնարավոր թիրախների թվում են Իրանի միջուկային օբյեկտները, հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի զինանոցները, ինչպես նաև էներգետիկ ենթակառուցվածքները։

Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ նոր հարվածները կարող են լուրջ վնաս հասցնել Իրանի տնտեսությանը և Թեհրանին ստիպել գնալ դիվանագիտական զիջումների։ Միևնույն ժամանակ, գործողությունն սկսելու վերջնական որոշում դեռևս չկա․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ինչպես հավանություն տալ ռազմական քայլերին, այնպես էլ հրաժարվել դրանցից։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն մինչև միջանկյալ ընտրությունները հարվածներ չի հասցնի Իրանին՝ դա պատճառաբանելով շարունակվող բանակցություններով։ Իսկ Սպիտակ տունը, մեկնաբանելով ռազմական ծրագրերի մասին տեղեկությունները, նշել է, որ վարչակազմը դիտարկում է բոլոր հնարավոր տարբերակները՝ Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը թույլ չտալու համար։

Հակամարտության դադարեցման շուրջ Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունները փակուղի են մտել՝ Իրանի միջուկային ծրագրի և Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի շուրջ տարաձայնությունների պատճառով։