Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում և Հորմուզի նեղուցում անկայունությունը պայմանավորված է ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիվ գործողություններով։ Դրա մասին նա ասել է չորեքշաբթի երեկոյան Թեհրանում Լեհաստանի փոխարտգործնախարար Վոյցեխ Զայոնչկովսկու հետ հանդիպման ժամանակ, հայտնում է իրանական Mehr գործակալությունը:

Զայոնչկովսկին ժամանել էր Իրան՝ երկու երկրների միջև քաղաքական խորհրդակցությունների երրորդ փուլին մասնակցելու համար։

Արաղչին նշել է իրանցի և լեհ ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված դրական կապերը և ընդգծել երկու երկրների հնարավորություններն օգտագործելու անհրաժեշտությունը՝ փոխադարձ շահերի հիման վրա տարբեր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու համար։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև քննադատել է եվրոպական որոշ պետությունների՝ Իրանի դեմ ռազմական ագրեսիային նպաստելու կամ դրան ի պատասխան անգործություն ցուցաբերելու համար։ Նա ընդգծել է, որ բոլոր երկրները, դրանց թվում՝ եվրոպական կառավարությունները, պետք է սկզբունքային դիրքորոշում զբաղեցնեն և դատապարտեն Իրանի դեմ ռազմական գործողություններն ու դրանց ընթացքում կատարված հանցագործությունները։

Արաղչին ընդգծել է, որ Թեհրանը կշարունակի օգտագործել դիվանագիտական գործիքները՝ տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունն ապահովելու համար, սակայն սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում չի հրաժարվի երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունից։

Զայոնչկովսկին, իր հերթին, գոհունակություն է հայտնել Իրան կատարած այցից, պատմել է իր իրանցի գործընկերոջ հետ բանակցությունների մասին և ներկայացրել Լեհաստանի դիրքորոշումը տարածաշրջանային ու միջազգային հարցերի վերաբերյալ։