ՀՅԴ–ն Արտաշատ խոշորացված համայնքում մասնակցում է ՏԻՄ ընտրություններին. մենք այս ընտրություններին մասնակցում ենք գրագետ, կազմակերպված, գիտակից, հայրենատեր թիմով։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22–ին, Արտաշատում ՀՅԴ ամփոփիչ հանրահավաքում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Մեր թիմը, ՀՅԴ–ի ցուցակը ներկայացնողները տիրապետում են համայնքի խնդիրներին, ունեն կամք և վճռականություն համայնքի առջև դրված խնդիները լուծելու համար։

Այս ընտրությունները իրենց բնույթով տեղական, բայց էությամբ և բովանդակությամբ քաղաքական ընտրություններ են և ունեն քաղաքական նշանակություն։Վերջին 8 տարիների ընթացքում ՀՅԴ–ն, ձեզնից շատերը պայքարել ենք այս չարիքի իշխանության դեմ։ Ցանկացած առիթ ու հնարավորություն մենք օգտագործել ենք ձեզ հետ խոսելու, ժողովրդին բացատրելու մեր պետությանն ու ժողովրդին մահ ու ողբերգություն բերած իշխանության վարած քաղաքականությունը բացատրելու, այլընտրանք առաջարկելու և ձեզ հետ ճանապարհ գնալու համար։

Եթե ՔՊ–ական չարիքի իշխանությունը վերարտադրվի, փորձելու է Տիգրանաշենը հանձնել, որն իրականություն է դառնում, շարունակելու է պայքարը եկեղեցու դեմ, շարունակելու է տարածքներ հանձնել։

Այսօր մեր թիմը՝ Գերասիմ Վարդանյանի գլխավորությամբ ձեզ առաջարկում է այլընտրանք։ Մի կողմում կանգնած է Արցախը հանձնած, մեր ժողովրդին մահ, պատերազմ, ողբերգություն բերած ՔՊ–ն՝ Նիկոլի գլխավորությամբ, մյուս կողմում կանգնած է խորքով հայկական, ազգային պահանջատեր ՀՅԴ–ն»,–ասաց նա։

Նշենք, որ Արտաշատ խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 25–ին։ Այս ընտրություններում առաջադրվել է երեք քաղաքական ուժ՝ ՔՊ–ն, ՀՅԴ–ն և «Նոր դարաշրջան» կուսակցությունը։ ՔՊ–ի ցուցակը գլխավորում է Կառլեն Մկրտչյանը, ՀՅԴ–ի ցուցակը գլխավորում է Գերասիմ Վարդանյանը։