Ես չեմ կարծում, թե Ադրբեջանին իսկապես հետաքրքրում է այն, ինչ գրված է նախաբանում, Անկախության հռչակագրում, որն ընդունվել էր այն ժամանակ, երբ Հայաստանը դեռ Խորհրդային Միության կազմում էր։ Չեմ կարծում, թե դա է Ադրբեջանի գլխավոր նպատակը։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նա նշել է, որ Ադրբեջանի համար սա Հայաստանի վրա ազդելու, Հայաստանում դիսկուրսներ և նարատիվներ ձևավորելու միջոցներից մեկն է։ «Ադրբեջանը դա անում է մշտապես»։
«Չեմ կարծում, թե նույնիսկ ենթադրյալ խաղաղության պայմանագրի ստորագրումը, ինչպես նաև սահմանների սահմանագծումն ու սահմանզատումը կարող են բերել իրական խաղաղության։ Կան բազմաթիվ երկրներ, որոնք ստորագրել են բոլոր տեսակի պայմանագրերը և ճանաչել բոլոր սահմանները՝ Սիրիայից մինչև Ուկրաինա։ Եվ դա ինչո՞վ օգնեց նրանց»,- նշել է Իսկանդարյանը։
Նրա գնահատմամբ՝ պայմանագիրը, որի մասին խոսվում է, հուշագիր է՝ առանց որևէ պարտավորությունների։
«Այդ պատճառով ես կարծում եմ, որ գործընթացը կշարունակվի առանց պայմանագրի։ Գուցե դա լինի Ադրբեջանի հետ հարաբերությունների աստիճանական և դանդաղ բարելավման գործընթաց։ Գուցե հարաբերությունները մնան նույնը, և դա լինի լճացում։ Ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում այդպես էլ կլինի։ Եվ դա կշարունակվի առանց որևէ պայմանագրի՝ երբեմն ավելի վատ, երբեմն ավելի լավ։ Ինձ թվում է, որ ո՛չ Ադրբեջանն է պարտավոր ստորագրել այդ պայմանագիրը, ո՛չ էլ Հայաստանը»,- ընդգծել է փորձագետը։





























