Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հերքել է այն հաղորդումները, ըստ որոնց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի սկզբին կանգնեցրել է Իսրայելի նախապատրաստած հարվածն Իրանին։

Ըստ Իսրայելի կառավարության ղեկավարի՝ Financial Times-ի հրապարակումը չի համապատասխանում իրականությանը։

«Այդ հաղորդումը սխալ է»,- հայտարարել է Նեթանյահուն 7-րդ հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Միաժամանակ նա հրաժարվել է բացահայտել Իրանի վերաբերյալ Թրամփի հետ վերջին զրույցների բովանդակությունը։

Ավելի վաղ Financial Times-ը, հղում անելով իրավիճակին ծանոթ երեք զրուցակիցների, հայտնել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ էր հոկտեմբերի 10-ի հանգստյան օրերին հարվածներ հասցնել իրանական միջուկային օբյեկտներին և երկրի իշխանություններին առնչվող օբյեկտներին։ Պարբերականի տվյալներով՝ ենթադրյալ թիրախների թվում կային նաև քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներ, դրանց թվում՝ էներգետիկ ձեռնարկություններ։

Ինչպես պնդում էին պարբերականի աղբյուրները, Թրամփը որոշել էր թույլ չտալ ռազմական գործողությունների վերսկսումը մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, որոնք նշանակված են նոյեմբերի 3-ին։ Միևնույն ժամանակ հենց Նեթանյահուն պատրաստվում է Իսրայելում խորհրդարանական ընտրություններին, որոնք պետք է կայանան երեքշաբթի, և բախվում է վերընտրվելու բարդ պայքարի։

Վերջին ամիսներին ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները հիմնականում փակուղի են մտել։ Գլխավոր վիճահարույց հարցերից մեկը մնում է Իրանի միջուկային ծրագրի ապագան։ Թեհրանը պնդում է դրա խաղաղ բնույթը, սակայն Իրանը հարստացրել է ուրանը մինչև այնպիսի մակարդակներ, որոնք զգալիորեն գերազանցում են քաղաքացիական էներգետիկայի պահանջները, սահմանափակել է տեսուչների մուտքը և զարգացնում է բալիստիկ հրթիռների ծրագիրը։