ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանին՝ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ նավթի համաշխարհային գները բարձրացնելու փորձերի մեջ և հայտարարել, որ Թեհրանը երբեք միջուկային զենք չի ստանա։ Դրա մասին ԱՄՆ առաջնորդը գրել է իր Truth Social սոցիալական ցանցում։

Թրամփի պնդմամբ՝ Իրանը փորձում է ազդել նավթի գների վրա, այդ թվում՝ , իր կարծիքով, կեղծ հաղորդագրություններ տարածելով Հորմուզի նեղուցի շրջանում հարվածների և ծովային ականների մասին։ Նախագահը հայտարարել է, որ այժմ նեղուցով ավելի շատ նավթ է անցնում, քան մինչև հակամարտության սկիզբը։

«Իրանն անում է ամեն հնարավորը, որպեսզի ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ բարձրացնի նավթի գները։ Նրանք նույնիսկ հորինում են կեղծ հարվածներ, ականներ և մնացած ամեն ինչ, մինչդեռ Հորմուզի նեղուցով այժմ ավելի շատ նավթ է անցնում, քան նույնիսկ մինչև հակամարտության սկիզբը»,- գրել է Թրամփը։

Նա Իրանի իշխանություններին մեղադրել է նաև բողոքի ակցիաների մասնակիցների և իրենց ճանապարհին հայտնվող այլ մարդկանց սպանությունների մեջ՝ իրանական ռեժիմն անվանելով «իրապես չար»։ Ըստ ԱՄՆ նախագահի՝ յոթ ամսից էլ քիչ ժամանակում զոհվել է 75 հազար ցուցարար։ Թրամփը հրապարակման մեջ այս թվի հաստատում չի ներկայացրել։

«Զարմանալի է, որ ամբողջ աշխարհը և Դեմոկրատական կուսակցությունը, կարծես, ուշադրություն չեն դարձնում դրան։ Իրանը ԵՐԲԵՔ չպետք է ստանա միջուկային զենք, և նա ԵՐԲԵՔ այն չի ստանա»,- ընդգծել է Թրամփը։

Ամերիկացի առաջնորդը նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ-ում և այլ երկրներում հանրությունը կհասկանա, թե որքան վտանգավոր է, իր կարծիքով, իրանական ռեժիմը։