Հայաստանի ֆինանսական շուկայում այս շաբաթ` մայիսի 21-25-ին ժամանակահատվածում, բանկերը գնել են 4.4 մլն եվրո եւ վաճառել 11.1 մլն եվրո; Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը; Այսպիսով` նախորդ շաբաթ տեղի ունեցած «եվրոյի աժիոտաժը», երբ շաբաթական կտրվածքով շուկա էր մտել մոտ 150 մլն եվրո, լիովին վերացել է: Սակայն եվրոյի ներխուժման հետեւանքները դեռեւս պահպանվում են, քանի որ, ամենայն հավանականությամբ, եվրոն փոխանակվել է դոլարի հետ, որն էլ արտահանվել է: Հայաստանի ֆինանսական շուկան բավականաչափ փոքր է, ու չի կարողացել անցնցում տանել մոտ 200 մլն դոլարի արտահոսքը շաբաթական կտրվածքով:
Ինչ վերաբերում է դոլարին, ապա անցնող շաբաթվա ընթացքում բանկերը կանխիկի շուկայում կարողացել են գնել 74.1 մլն դոլար եւ վաճառել 101.6 մլն դոլար:
Ռուսական ռուբլու շրջանառության ծավալներն էապես չեն փոխվել` բանկերն ընդունել են մոտ 527 մլն ռուբլի (մոտ 16.5 մլն դոլար) ու վաճառել 96 մլն ռուբլի: Ռուբլու առքի ու վաճառքի ծավալների նման փոփոխությունները սովորական են Հայաստանի ֆինանսական շուկայում, պայմանավորված արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների գործարքներով: «Ավելցուկային» ռուբլին բանկերի մի մասն արտահանում է Ռուսաստան եւ փոխարինում դոլարի կամ այլ արտարժույթի հետ:




























