Հոկտեմբերի 22-ին Բելգրադում անցկացվում է «Ուսանողական ցուցակ- Ուսանողները հաղթում են» շարժման նախընտրական վերջին հանրահավաքը, որը մտադիր է մարտահրավեր նետել իշխող Սերբական առաջադիմական կուսակցությանը հոկտեմբերի 25-ին անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում, հաղորդում է N1 info-ն։
Հազարավոր ուսանողներ և նրանց աջակիցները երկրի տարբեր շրջաններից ժամանել են մայրաքաղաք՝ մասնակցելու Սլավիա հրապարակում անցկացվող ակցիային։
Հանրահավաքին մասնակիցները պատրաստվել էին մի քանի օր․ ուսանողները և նրանց աջակցած քաղաքացիները Սերբիայի արևելյան, արևմտյան և հյուսիսային շրջաններից ոտքով շարժվել էին դեպի Բելգրադ։ Հոկտեմբերի 21-ի երեկոյան շարասյուներին մայրաքաղաքում դիմավորել են հազարավոր մարդիկ՝ ծափահարություններով, երաժշտությամբ և նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ վանկարկումներով։
«Հաղթանակը կանչում է» խորագրով ակցիան դարձել է շարժման նախընտրական արշավի գագաթնակետը։ Կազմակերպիչները հայտարարում են, որ հանդես են գալիս կոռուպցիայի դեմ պայքարի, դատական համակարգի անկախության, պետական ինստիտուտների բարեփոխման և պետական գնումների թափանցիկության օգտին։ Թեկնածուների ցուցակի առաջին համարը սրտաբան և համալսարանի պրոֆեսոր Իլիա Սրդանովիչն է։
Ուսանողական շարժումն առաջացել է զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին, որոնք սկսվել էին 2024 թվականի նոյեմբերին Նովի Սադի երկաթուղային կայարանում ծածկի փլուզումից հետո։ Այն ժամանակ զոհվել էր 16 մարդ։ Ակցիաների մասնակիցները պահանջում էին հետաքննել ողբերգության հանգամանքները և ստուգել կայարանի վերակառուցման ընթացքում հնարավոր կոռուպցիոն դրսևորումները։ Հետագայում բողոքի ցույցերը վերաճեցին գործող իշխանությունների դեմ համազգային շարժման։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 25-ին։ Դրանք լուրջ փորձություն կդառնան Սերբական առաջադիմական կուսակցության համար, որը իշխանության է ավելի քան տասը տարի։





























