Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը անսպասելիորեն կանգ է առել Conad սուպերմարկետում՝ իտալական Կավա-դե-Տիրրենի քաղաքում, Ամալֆիական ափի Ռավելլո հանգստավայր մեկնելու ճանապարհին, գրում է Il Mattino-ն։
Գնումների ընթացքում նա ուշադրություն է դարձրել մրգերի և բանջարեղենի կիսադատարկ դարակներին և հետաքրքրվել է մթերքի պակասի պատճառներով։
Մերկելը երեքշաբթի կեսօրից հետո ժամանել է Նեապոլի Կապոդիկինո օդանավակայան։ Այնտեղից նա, անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ, ավտոմայրուղով շարժվել է Նեապոլ-Պոմպեյ- Սալեռնո երթուղով։ Շեղվելով դեպի Կավա-դե-Տիրրենի՝ Գերմանիայի կառավարության նախկին ղեկավարը որոշել է մտնել սուպերմարկետ, որը գտնվում էր մայրուղու ելքի մոտ։
Հայտնի քաղաքական գործչի հայտնվելն անակնկալ է դարձել ինչպես աշխատակիցների, այնպես էլ գնորդների համար։ Մերկելին ճանաչել է մսամթերքի բաժնի աշխատակից Ասունտա Լամբերտին, որը սկզբում իր աչքերին չի հավատացել։
«Կարծում եմ՝ սա տիկին Մերկելն է»,- ասել է նա։ Նախկին կանցլերի քարտուղարուհին և թարգմանիչը հաստատել է նրա կռահումը․ «Այո, տիկին Մերկելն է»։
Լամբերտիի պատմելով՝ Մերկելը եղել է բարեհամբույր, բարյացակամ և բաց շփման համար։ Նա հանգիստ գնումներ է կատարել և բարևել այցելուներին, որոնք ճանաչել են իրեն։
Նախկին կանցլերի առանձնահատուկ ուշադրությունը գրավել են մրգերով և բանջարեղենով մասամբ դատարկված դարակները։ Ինչպես նշում է իտալական պարբերականը, ապրանքների պակասը կապված էր փոխադրողների բողոքի ակցիայի հետ։ Մերկելը սուպերմարկետի աշխատակիցներին հարցուփորձ է արել ստեղծված իրավիճակի պատճառների մասին։
Սակայն նրա սայլակում տեղ է գտնվել նաև տեղական դելիկատեսների համար։ Գնումների թվում եղել են Գրանիանոյից մակարոնեղեն և գոմեշի կաթից պատրաստված մոցարելլա՝ Կամպանիա շրջանի ավանդական մթերքներ։
Ավարտելով գնումները՝ Մերկելը հրաժեշտ է տվել ներկաներին և ուղևորվել անվտանգության ծառայության ավտոմեքենա, որից հետո շարունակել է ճանապարհը դեպի Ռավելլո, որտեղ մտադիր է անցկացնել արձակուրդի մի քանի օր։





























