Ռուս Ուղղափառ Եկեղեցու Սրբազան սինոդը փոխել է քահանաների և սարկավագների երդման տեքստը։ Ըստ նոր կանոնների՝ նրանց արգելվում է առանց եկեղեցական վերադասության օրհնության հրապարակայնորեն հանդես գալ եկեղեցու անունից։ Դրա մասին հաղորդվում է Մոսկվայի պատրիարքարանի կայքում։
Սահմանափակումները վերաբերում են նաև սոցիալական ցանցերում և այլ սոցիալական մեդիա հարթակներում հրապարակումներին ու ելույթներին։ Եկեղեցական ծառայողներին արգելվում է նաև օգտագործել այդ հարթակները «անձնական շահ» ստանալու, Ռուս Ուղղափառ Եկեղեցին վարկաբեկելու կամ նրա ուսմունքը խեղաթյուրելու նպատակով։
Փոփոխությունները պատրաստել է Միջխորհրդական ներկայության՝ եկեղեցական կառավարման, հովվական ծառայության և եկեղեցական կյանքի կազմակերպման հանձնաժողովը։ Հանձնաժողովում համարել են, որ երդման գործող խմբագրությունը չի ընդգրկում հոգևորականների հրապարակային ելույթների և սոցիալական մեդիայի օգտագործման հետ կապված բոլոր հարցերը։





























