Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Չեռնոգորիան կարող է արդեն 2028 թվականին դառնալ Եվրոպական միության 28-րդ անդամը։ Դրա մասին նա հայտնել է հինգշաբթի Չեռնոգորիայի Միլոչեր քաղաքում անցկացված Բեռլինյան գործընթացի գագաթնաժողովում՝ կոչ անելով Արևմտյան Բալկանների երկրներին արագացնել բարեփոխումները և ամրապնդել տարածաշրջանային համագործակցությունը, հայտնում է Balkan Insight-ը։
«Մենք կարծում ենք, որ դա իրատեսական է»,- ասել է Մերցը Չեռնոգորիայի վարչապետ Միլոյկո Սպայիչի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Բացելով գագաթնաժողովը՝ կանցլերը նշել է ԵՄ ընդլայնման գործընթացում գրանցված առաջընթացը՝ հունիսին Տիվատում տեղի ունեցած նախորդ հանդիպումից հետո։ Ըստ նրա՝ եվրոպացի և տարածաշրջանային առաջնորդներին հաջողվել է Արևմտյան Բալկանների երկրների անդամակցության գործընթացը վերադարձնել կառուցողական հուն։
Մերցն ընդգծել է նաև, որ Եվրամիությանը փուլային ինտեգրումը պետք է կախված լինի թեկնածու երկրներում իրականացվող բարեփոխումների իրական արդյունքներից։ Այդ մոտեցումը, որն ակտիվորեն առաջ են մղում Գերմանիան և Ֆրանսիան, ենթադրում է անդամակցության որոշ առավելությունների տրամադրում դեռևս մինչև պաշտոնական միանալը։ Մասնավորապես, խոսքը կարող է վերաբերվել ԵՄ միասնական շուկային, հետազոտական և կրթական ծրագրերին ավելի լայն հասանելիությանը, ինչպես նաև Եվրամիության առանձին նիստերին առանց ձայնի իրավունքի մասնակցությանը։ Միևնույն ժամանակ, տրված հնարավորությունները կարող են հետ կանչվել, եթե երկիրը հրաժարվի բարեփոխումներից։
«Թույլ տվեք հստակեցնել. փուլային ինտեգրումը նույնպես պետք է հիմնված լինի արժանիքների վրա։ Եվրամիությունը կատարել է աշխատանքի իր մասը, սակայն բարեփոխումներն ու քաղաքական կամքը պետք է գան ձեզանից»,- հայտարարել է Մերցը։
Նա Արևմտյան Բալկանների պետություններին կոչ է արել ավելի սերտ համագործակցել միմյանց հետ՝ նշելով, որ տնտեսական ինտեգրումը կբարձրացնի տարածաշրջանի գրավչությունը ներդրողների համար և կօգնի պատրաստվել ԵՄ միասնական շուկա մուտքին։
«Դուք հաջողության կհասնեք Եվրամիությունում միայն այն դեպքում, եթե աշխատեք միասին, և դուք դա անում եք։ Մեկ շուկայում ութ միլիոն մարդը ներդրողների համար շատ ավելի հետաքրքիր է, քան վեց փոքր շուկաները»,- ասել է կանցլերը։
Չեռնոգորիայի վարչապետ Միլոյկո Սպայիչը ԵՄ ընդլայնումն անվանել է եվրոպական անվտանգության և միասնության կարևորագույն պայման։ Նա նաև հաստատել է Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցությունը՝ հայտարարելով, որ ընդլայնումը պետք է դառնա «մեր մայրցամաքի վերամիավորումը» և ազատություն, անվտանգություն ու նոր հնարավորություններ բերի այն եվրոպացիներին, որոնք առայժմ մնում են Եվրամիությունից դուրս։
Մեկնաբանելով Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ուղղությամբ ջանքերը՝ Մերցն ընդգծել է, որ կայուն խաղաղությունն անհնար է առանց բանակցություններին Եվրոպայի մասնակցության։





























