Կանադան և Թուրքիան երկկողմ հարաբերությունների մակարդակը բարձրացրել են մինչև ռազմավարական գործընկերության։ Համապատասխան համաձայնագիրը Անկարայում անցկացված հանդիպման ընթացքում ստորագրել են Կանադայի վարչապետ Մարկ Քարնին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է Reuters-ը։

Քարնիի այցը դարձել է Կանադայի վարչապետի՝ Թուրքիա կատարած առաջին երկկողմ այցը պատմության մեջ։

Համաձայնագիրը նախատեսում է համագործակցության ընդլայնում չորս ոլորտներում՝ առևտուր և ներդրումներ, պաշտպանություն և անվտանգություն, էներգետիկա, ինչպես նաև սոցիալական և դիվանագիտական կապեր։ Կողմերը նաև պայմանավորվել են մշակել եռամյա գործողությունների ծրագիր։ Ակնկալվում է, որ գործընկերությունը նոր հնարավորություններ կստեղծի բիզնեսի համար և կօգնի ավելացնել աշխատատեղերի թիվը երկու երկրներում էլ։

«Մենք հիմք ենք դրել մի նոր բանի՝ ռազմավարական գործընկերության, որը նոր հնարավորություններ կբացի մեր աշխատողների և ձեռնարկությունների համար, ինչպես նաև կամրապնդի մեր ժողովուրդների անվտանգությունն ու բարեկեցությունը։ Պատշաճ ուշադրության և հանձնառության դեպքում այն կզարգանա սերունդների ընթացքում»,- համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ ասել է Քարնին։

Հանդիպման ընթացքում երկու երկրների նախարարները էներգետիկայի, պաշտպանության և օդային տրանսպորտի ոլորտներում համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրել։

Թուրքիայի հետ կապերի ամրապնդումը դարձել է Քարնիի ջանքերի մի մասը՝ արտաքին առևտրի դիվերսիֆիկացման և ԱՄՆ-ից Կանադայի կախվածության նվազեցման ուղղությամբ։ Օտտավայի և Վաշինգտոնի հարաբերությունները բարդացել են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներմուծման վրա լայնածավալ մաքսատուրքեր սահմանեց և հայտարարություններ արեց, որոնք կասկածի տակ էին դնում հարևան երկրի ինքնիշխանությունը։

Կանադայի և Թուրքիայի հարաբերությունները նախկինում նույնպես սառն էին մնում՝ Թուրքիայի մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ Օտտավայի մտահոգությունների և այդ երկիր զենքի մատակարարման նկատմամբ Կանադայի նախկին էմբարգոյի պատճառով։ Նոր համաձայնագիրը վկայում է երկկողմ հարաբերությունների ջերմացման մասին։