Արգենտինան հինգ լատինաամերիկյան հանցավոր և ապստամբական խմբավորումներ ճանաչել է ահաբեկչական կազմակերպություններ, դրանց թվում՝ մեքսիկական «Սինալոա» կարտելը՝ տարածաշրջանի խոշորագույն նարկոկարտելներից մեկը, հայտնում է Associated Press-ը։
Նախագահ Խավիեր Միլեի կառավարության որոշումը հրապարակվել է հինգշաբթի պաշտոնական տեղեկագրում և Բուենոս Այրեսի մոտեցումը կազմակերպված հանցավորության դեմ պայքարում ավելի է մոտեցնում ԱՄՆ-ի քաղաքականությանը։
Ցանկում ընդգրկվել են Մեքսիկայից «Սինալոա» կարտելն ու «Նոր Միչոականի ընտանիք» (Nueva Familia Michoacana) խմբավորումը, էկվադորյան Los Tiguerones հանցախումբը, ինչպես նաև կոլումբիական երկու կազմակերպություններ՝ Ազգային ազատագրության բանակը (ELN) և Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր- Ժողովրդական բանակը (FARC-EP)։ Վերջին անվանումն օգտագործում են նախկին ապստամբական FARC կազմակերպությունից անջատված խմբավորումները, որոնք մերժել են մոտ տասը տարի առաջ ստորագրված խաղաղության համաձայնագիրը և շարունակում են զինված գործունեությունը։
Միլեի գրասենյակի հայտարարության մեջ նշվում է, որ բոլոր հինգ կազմակերպություններն առնչվում են թմրանյութերի առևտրին և կազմակերպված հանցավորությանը։ «Սինալոա» կարտելը Արգենտինայի իշխանությունները բնութագրել են որպես թմրանյութերի առևտրով և փրկագին ստանալու նպատակով մարդկանց առևանգումներով զբաղվող անդրազգային հանցավոր կառույց։ ELN-ն և FARC-EP-ն անվանվել են ձախ արմատական ապստամբական կազմակերպություններ, որոնք հավատարիմ են մարքսիստա-լենինյան գաղափարախոսությանը և զինված պայքարին։ Los Tiguerones-ին արգենտինական իշխանությունները կապել են պատվերով սպանությունների և թմրանյութերի առևտրի հետ։
Այդ խմբավորումներից մի մասն ԱՄՆ-ում արդեն ներառված է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։ Մեկ ամիս առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մինչև 21-ի էր ընդլայնել ահաբեկչական ճանաչված լատինաամերիկյան հանցավոր միավորումների ցուցակը։
Բուենոս Այրեսի որոշումն ընդունվել է անվտանգության ոլորտում Վաշինգտոնի հետ համագործակցության խորացման ֆոնին։ Դրանից երկու շաբաթ առաջ Միլեի կառավարությունը հայտնել էր Արգենտինայում ԱՄՆ Պետքարտուղարության Թմրանյութերի դեմ միջազգային պայքարի և օրենքի կիրառման ապահովման բյուրոյի տարածաշրջանային ստորաբաժանման ստեղծման մասին։ Վաշինգտոնը թմրանյութերի առևտրի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի համար հատկացրել է 13,35 միլիոն դոլար։
Արգենտինան ավելի վաղ նույնպես ահաբեկչական էր ճանաչել մի շարք կազմակերպություններ, դրանց թվում՝ վենեսուելական «Արևների» կարտելը, մեքսիկական «Խալիսկոյի նոր սերունդ» կարտելը և «Մահմեդական եղբայրներ» շարժման երեք ստորաբաժանումները։ Տարածաշրջանում նմանատիպ միջոցներ ձեռնարկել են նաև այլ երկրներ. օրինակ՝ Էկվադորը 2024 թվականի հունվարին ահաբեկչական է ճանաչել 22 հանցավոր խմբավորում, իսկ Գվատեմալան 2025 թվականի հոկտեմբերին համապատասխան կատեգորիայում ներառել է Barrio 18 և Mara Salvatrucha հանցախմբերին։




























