Հարավաֆրիկյան Հանրապետության արևելքում գտնվող Դուրբանում մոտ 50 հոգուց բաղկացած ամբոխը մահվան աստիճան ծեծել է օտարերկրյա քաղաքացու։ Ոստիկանությունը հետաքննում է սպանությունը, սակայն հարձակման դրդապատճառը դեռևս չի հաստատվել, BBC News-ին հայտնել է նահանգային ոստիկանության ներկայացուցիչ Ռոբերտ Նեթշիունդան։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ մոտ 40 տարեկանին մոտ տղամարդուն սկզբում ճանապարհի մոտ կանգնեցրել են երկու անհայտ անձինք։ Այնուհետև նրանց միացել են այլ մարդիկ, որոնք ծեծի են ենթարկել նրան։ Տուժածը տեղում մահացել է։ Նրա ինքնությունը դեռևս չի հաստատվել։

Նեթշիունդան ընդգծել է, որ ոստիկանությունը չի կարող եզրակացություններ անել հարձակման պատճառների մասին, մինչև չավարտվի ստուգումը և չստացվեն հաստատված տվյալներ։

Սպանությունը տեղի է ունեցել ներգաղթյալների դեմ բողոքի ցույցերի ֆոնին, որոնք վերջին ամիսներին ընթանում են Հարավային Աֆրիկայում և բազմիցս ուղեկցվել են բռնությամբ։ Ավելի վաղ՝ հոկտեմբերին, Դուրբանում և Յոհանեսբուրգից ոչ հեռու գտնվող Սոուետոյում խանութներ և ավտոմեքենաներ էին հրկիզել։

Ներգաղթյալների դեմ ակցիաների կազմակերպիչներից մեկը March and March շարժումն էր, որը նախկինում պահանջել էր, որպեսզի անհրաժեշտ փաստաթղթեր չունեցող բոլոր ներգաղթյալները մինչև հունիսի 30-ը լքեն երկիրը։ Այդ ժամկետին նախորդող շրջանում հաղորդվում էր աֆրիկյան այլ պետություններից եկած մարդկանց վրա հարձակումների մասին։ Հետագա բռնության մտավախությունների ֆոնին Զիմբաբվեն, Նիգերիան և Գանան քայլեր էին ձեռնարկում իրենց քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար։

Նիգերիան Հարավաֆրիկյան իշխանությունների վրա է դրել իր երկու քաղաքացիների մահվան պատասխանատվությունը։ Գանան ևս հաստատել է իր քաղաքացի Բաշիրու Իսակի՝ երեք երեխաների հոր մահը, որին գնդակահարել էին Քեյփթաունում օտարերկրացիների դեմ բողոքի ակցիաների ժամանակ։ Այդ դեպքը երկու երկրների միջև դիվանագիտական առճակատում է առաջացրել։ Իսկ Հարավաֆրիկյան Հանրապետության իշխանությունները հայտարարել են, որ բռնության մասշտաբները չափազանցված են։

Հարավային Աֆրիկայի կառավարությունը կոչ է արել բողոքի ակցիաների մասնակիցներին գործել խաղաղ, միաժամանակ ընդունելով միգրացիոն ոլորտում բարեփոխումների անհրաժեշտությունը։ Նրա տվյալներով՝ տարեսկզբից միգրացիոն քաղաքականության խստացման շրջանակում երկրից արտաքսվել կամ հայրենադարձվել են տասնյակ հազարավոր օտարերկրացիներ։

Այլատյացության դրսևորումները ՀԱՀ-ում գրեթե երկու տասնամյակ շարունակում են մնալ լուրջ խնդիր։ 2008 թվականի զանգվածային ջարդերի ընթացքում զոհվել էր ավելի քան 60 մարդ, իսկ տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված էին լքել իրենց տները։ Ներկայիս լարվածությունը զարգանում է բարձր գործազրկության, խոր անհավասարության և աղքատության հետնապատկերին։

Երկրում ներգաղթյալներին հաճախ մեղադրում են, որ նրանք տեղացիներից խլում են աշխատատեղերը, նպաստում հանցավորությանը և լրացուցիչ ծանրաբեռնվածություն ստեղծում հանրային ծառայությունների համար, թեև հետազոտողները նշում են, որ նման ընդհանրացումներն ապացույցներով չեն հաստատվում։