ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իլոն Մասկը վերականգնել է Starlink արբանյակային համակարգի աշխատանքը Ուկրաինայում՝ կապի սահմանափակման հետ կապված իրավիճակից հետո: Ընդ որում, ամերիկացի առաջնորդը հրաժարվել է հաստատել՝ արդյո՞ք ինքն անձամբ է զանգահարել SpaceX-ի ղեկավարին՝ սահմանափակումները հանելու խնդրանքով:
«Ես չեմ ցանկանում մեկնաբանել դա, բայց կարծում եմ, որ իրավիճակը շատ հետաքրքիր էր: Չեմ ցանկանում արտահայտվել ոչ այս, ոչ այն կողմի օգտին, բայց ես շատ լավ հարաբերություններ ունեմ Իլոնի հետ»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
Ճշտող հարցին՝ արդյոք ինքը զանգահարե՞լ է Մասկին և խնդրել վերականգնել համակարգի աշխատանքը, ԱՄՆ նախագահը կրկին խուսափել է ուղիղ պատասխանից:
«Ես չեմ ցանկանում մեկնաբանել՝ արդյոք ե՞ս եմ զանգահարել, թե՞ որևէ ուրիշ մեկը: Դա որևէ նշանակություն չունի: Կարծում եմ՝ գլխավորն այն է, որ նա վերականգնել է աշխատանքը»,- հայտարարել է Թրամփը:





























