Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։

«Թվում է՝ Հայաստանը չի քննարկում։ Թվում է՝ նրանք չեն մասնակցում։ Բայց Հայաստանի ներկայացուցիչը շաբաթական մասնակցում է մշտական խորհրդի նիստերին, որտեղ նստում են ՀԱՊԿ անդամ երկրների մշտական ներկայացուցիչները», — ՏԱՍՍ-ի հետ զրույցում նշել է Մասադիկովը։

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ Երևանի՝ կազմակերպությունից հնարավոր դուրս գալու հարցը կարող է դրվել Հավաքական անվտանգության խորհրդի նիստի օրակարգ։ Համապատասխան առաջարկը սովորաբար ներկայացնում է ՀԱՊԿ-ում նախագահող երկիրը կամ կազմակերպության մեկ այլ անդամ պետություն։

Մասադիկովը նաև հղում է արել ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածին։ Նրա խոսքով՝ դրանով նախատեսված դրույթները, մասնավորապես, կապված են անդամավճարների չվճարման և քվոտայով նախատեսված պաշտոնները չլրացնելու հետ, ինչը կարող է նշանակել ձայնի իրավունքի բացակայություն։

Ավելի վաղ Մասադիկովը նշել էր, որ Հայաստանը դե ֆակտո արդեն դուրս է եկել ՀԱՊԿ կազմից։ Նրա խոսքով՝ կազմակերպությունը փաստաթղթեր է ուղարկում ներպետական համաձայնեցման համար, այդ թվում՝ Հայաստան։ Սակայն Երևանը յուրաքանչյուր հարցմանը պատասխանում է, որ հայկական կողմը չի մասնակցում քննարկմանը և որոշումների ընդունմանը, բայց միաժամանակ չի առարկում դրանց ընդունմանը սահմանափակ ձևաչափով։