ԱՄՆ-ի Ալաբամա նահանգում ձերբակալել են 36-ամյա մի կնոջ, որին մեղադրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին սոցիալական ցանցերում սպառնալիքներ հրապարակելու մեջ։ Այդ մասին հոկտեմբերի 23-ին հայտնել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։

«ԱՄՆ շրջանային դատարան ներկայացված երկու կետից բաղկացած մեղադրական ակտով Ալաբամա նահանգի Քորթլենդ քաղաքից 36-ամյա Մեգան Լորեն Ուտցին մեղսագրվում են սպառնալիքներ Միացյալ Նահանգների նախագահի հասցեին, ինչպես նաև սպառնալիքների փոխանցում նահանգների սահմաններով», — ճշտվում է ամերիկյան արդարադատության նախարարության կայքում։

Գերատեսչության տվյալներով՝ հոկտեմբերի 5-ին Քորթլենդից Ուտցը Facebook-ում հրապարակել է սպառնալիք պարունակող գրառում՝ կապված Թրամփի՝ Տասկալուսայում կայանալիք ֆուտբոլային խաղին նախատեսվող այցի հետ։ Հաջորդ օրը նրան հայտնաբերել և ձերբակալել են Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ), Գաղտնի ծառայության և Ֆլորենսի ոստիկանության աշխատակիցները։

ԱՄՆ իրավապահ մարմինները ընդգծել են, որ նման հայտարարությունները դիտարկում են որպես լուրջ ռիսկ՝ դրանք որակելով որպես «բռնություն կիրառելու սպառնալիք»։ Նշվում է, որ մեղադրյալը համարվում է անմեղ, մինչև դատարանի կողմից համապատասխան որոշման կայացումը։

«Ներկայիս պայմաններում, երբ գործող նախագահն արդեն բազմիցս բախվել է իր կյանքի դեմ մահափորձերի, մենք անհապաղ կգործենք՝ արձագանքելով նման սպառնալիքներին», — գերատեսչությունը մեջբերում է ամերիկացի դատախազ Ֆիլիպ Ուիլյամսի խոսքերը։