ԱՄՆ-ում նախատեսում են գործարկել մի ընկերություն, որը կզբաղվի ծառայողական շների կլոնավորմամբ և նրանց գենետիկական բնութագրերի փոփոխմամբ՝ ռազմական ոլորտում օգտագործելու նպատակով։ Այդ մասին հոկտեմբերի 22-ին հայտնել է Financial Times (FT) թերթը։

«Տեխասյան ստարտափը, որը խոստանում է ԱՄՆ-ին մարտի դաշտում առավելություն ապահովել՝ «ռազմական կարիքների համար ծառայողական շների» պոպուլյացիան վերականգնելու միջոցով, ներդրողներից ներգրավել է 200 մլն դոլար», — ասվում է հրապարակման մեջ։

Նախագիծը ստեղծում են Anduril Industries պաշտպանական ընկերության հիմնադիր Փալմեր Լաքին և ձեռնարկատեր Բեն Լամը։ Պարբերականի տվյալներով՝ ստարտափը մտադիր է ԱՄՆ-ում բուծել գենետիկորեն մոդիֆիկացված աշխատող շներ և դրանք համալրել տեխնոլոգիաներով՝ ծառայողական առաջադրանքների կատարման արդյունավետությունը բարձրացնելու համար։ Նախագծում ներդրումների հնարավոր ծավալը կարող է հասնել 1,2 մլրդ դոլարի։

«Մեր գաղափարը հետևյալն է․ ընտրել լավագույն շներին, ստեղծել նրանց կենսաբանկերը և կլոնավորել նրանց։ Ավելին, հնարավո՞ր է արդյոք կլոնավորման ընթացքում փոփոխություններ մտցնել գենոմում՝ կենդանիների կյանքի տևողությունը մեծացնելու և աշխատանքային հատկանիշները բարելավելու համար։ Դա օգտակար կլինի և՛ հենց շան, և՛ մարդու համար՝ լինի դա հրշեջ, ոստիկան, թե զինծառայող», — FT-ը մեջբերում է Լամի խոսքերը։

Բացի այդ, Anduril-ը մտադիր է ծառայողական շների համար մշակել պաշտպանիչ հանդերձանք և «կիբեռնետիկայի» տարրեր, որոնք պետք է ընդլայնեն նրանց աշխատանքային հնարավորությունները։ FT-ի տեղեկություններով՝ նախագծի ֆինանսավորմանը կարող են միանալ նաև ԿՀՎ-ի հետ կապված կառույցներ։