Dow Jones Industrial Average ֆոնդային ինդեքսը հինգշաբթի առևտուրն ավարտել է փոքր աճով, մինչդեռ S&P 500-ը և Nasdaq Composite-ը կտրուկ նվազել են տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերի գնանշումների անկման ֆոնին։

Nasdaq-ը հունիսից ի վեր գրանցել է ամենամեծ անկումը (2,6 տոկոս) ներդրողների նոր մտահոգությունների ալիքի ֆոնին՝ կապված արհեստական բանականության ոլորտի ընկերությունների լայնածավալ ծախսերի հետ։ Բաժնետոմսերի շուկայի վրա ճնշում են գործադրել նաև նավթի գների աճը և համաշխարհային աշխարհաքաղաքական լարվածության հնարավոր սրման ազդակները։

ԱՄՆ և Իսրայելի զինվորականները պատրաստել են Իրանի դեմ հարվածների վերսկսման ծրագրեր ԱՄՆ Կոնգրեսի նոյեմբերյան միջանկյալ ընտրություններից հետո, հաղորդել է The New York Times-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Հավանական թիրախներ, ըստ թերթի, կդառնան Իրանի էներգետիկ ենթակառուցվածքը, միջուկային օբյեկտները, ինչպես նաև հրթիռային և անօդաչու թռչող սարքերի զինանոցը։

Meta Platforms Inc.-ի (ՌԴ-ում ճանաչված է ծայրահեղական կազմակերպություն և արգելված է) բաժնետոմսերն էժանացել են 7 տոկոսով։ Ընկերության եռամսյակային արդյունքները զգալիորեն գերազանցել են վերլուծաբանների սպասումները, սակայն շուկայի մասնակիցներին անհանգստացրել են Meta-ի լայնածավալ ծախսային ծրագրերը, որոնք, հավանաբար, կպահանջեն նոր խոշոր փոխառություններ։

Tesla Inc.-ի շուկայական արժեքը նվազել է 0,1 տոկոսով։ Էլեկտրական մեքենաներ արտադրողը երրորդ եռամսյակում գրանցել է հասույթ գրեթե անցյալ տարվա մակարդակով, սակայն ավտոմոբիլային հատվածում ցուցանիշը կրճատվել է 3 տոկոսով։

Հինգշաբթի առևտրի արդյունքներով նկատելի անկում են ցուցադրել չիպ արտադրողների բաժնետոմսերը, այդ թվում՝ Nvidia Corp.-ը (-4,4 տոկոս), Advanced Micro Devices Inc.-ը (-8,1 տոկոս), Micron Technology Inc.-ը (-6,3 տոկոս), Intel Corp.-ը (-8,1 տոկոս)։

Amazon.com Inc.-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է 4,6 տոկոսով, Alphabet Inc.-ինը՝ 3,2, Microsoft Corp.-ինը՝ 2,2 տոկոսով։

Սպառողական հատվածի ընկերությունների բաժնետոմսերի գնանշումները հինգշաբթի վստահ աճ են գրանցել, ներդրողները միջոցները ՏՏ ընկերությունների բաժնետոմսերից տեղափոխել են շուկայի առավել հուսալի հատվածներ։

Procter & Gamble Co.-ի կապիտալացումն աճել է 5,6 տոկոսով, ընկերության բաժնետոմսերը դարձել են Dow Jones-ի աճի առաջատարները։ Աշխարհի խոշորագույն սպառողական ապրանքներ արտադրողը 2027 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում ավելացրել է հասույթը 4 տոկոսով, ինչը գերազանցել է շուկայի սպասումները։ Ընկերությունը նաև բարձրացրել է վաճառքների աճի տարեկան կանխատեսումը։

Նկատելիորեն թանկացել են նաև Home Depot Inc. (+4,3 տոկոս), Johnson & Johnson (+3,8 տոկոս), Coca-Cola Co. (+2,9 տոկոս), Walmart Inc. (+2,8 տոկոս), McDonald's Corp. (+2,6 տոկոս) ընկերությունների բաժնետոմսերը։

Lockheed Martin Corp. ռազմարդյունաբերական ընկերության բաժնետոմսերի գինը աճել է 7 տոկոսով։ Անցած եռամսյակում դրա զուտ շահույթն ու հասույթը գերազանցել են փորձագետների սպասումները։ Բացի այդ, Lockheed Martin-ը բարելավել է տարեկան կանխատեսումները։

Dow Jones Industrial Average-ը, հինգշաբթի շուկայի փակման տվյալներով, աճել է 0,02 տոկոս-ով՝ հասնելով 52 867,98 կետի։

Standard & Poor's 500-ի արժեքը նվազել է 1,21 տոկոսով՝ մինչև 7 663,43 կետ։

Nasdaq Composite ինդեքսը նվազել է 2,6 տոկոսով՝ կազմելով 26 008,86 կետ։