NEWS.am-ի հարցազրույցը ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի հետ:

Տիկին Սահակյան, Երևանում այս օրերին ընթանում է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովը՝ COP 17-ը, որի առաջնորդների գագաթնաժողովին մասնակցում էին նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ԱնտոնիուԳուտերեշը, ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավարԻգնասիոԿասիսը։ Պաշտոնյաներ, որոնց հետ կարելի էր քննարկել մարդասիրական կարևոր խնդիր՝ Բաքվում պահվող գերիների հարցը, բայց այն բարձրացվեց միայն մեր՝ լրատվամիջոցներիս կողմից: Արդյո՞ք սա ևս մեկ բաց թողնված միջազգային հարթակ չէր՝ գերիների հարցին ուշադրություն հրավիրելու համար:

Իրավացի եք, որ թե՛ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ԱնտոնիուԳուտերեշի, և թե՛ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավարԻգնասիոԿասիսի հետ հանդիպումներին մարդասիրական հարցը օրակարգային պետք է լիներ: Միգուցե և քննարկվել է, սակայն պաշտոնական հաղորդագրություններում այդ մասին ոչինչ չտեսա:

Հետաքրքիր է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ԱնտոնիուԳուտերեշը, հայ գերիների մասին պատասխանը հնչեցնելիս, կոչ արեց կողմերին հնարավորինս արագ իրագործել խաղաղության համաձայնագրի բոլոր դրույթները: Պատասխանից այնպիսի տպավորությունն էր, թե նա կարծում է, որ խաղաղության համաձայնագրում գերիների ազատ արձակման մասին դրույթ կա, մինչդեռ փաստաթղթում գերիներին վերաբերող որևէ կետ, ինչպես գիտենք, չկա: Եթե փակ հանդիպումներում գերիների հարցը քննարկված լիներ, կարծում եմ, նա ավելի տեղեկացված կլիներ, որ փաստաթուղթը նման դրույթ չի պարունակում և, այդ պարագայում, միգուցե պատասխանն էլ այլ կլիներ:

Նման միջազգային հարթակներըդրանք հյուրընկալող երկրների համար նաև լրացուցիչ հնարավորություն են նրանց մտահոգող հարցերը բարձրացնելու համար, ուստի եթե նման հրատապ մարդասիրական հարցերը չեն բարձրացվում, նշանակում է ևս մեկ հնարավորություն չի օգտագործվել:

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը օրեր առաջ ասաց, որ Բաքվում պահվող հայ գերիներին այցելելու մասով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը շուրջ մեկ տարի առաջ դիմել է երրորդ երկրներին, սակայն դրական արձագանք չկա։ Այս մասով ի՞նչ կասեք:

Եթե հիշում եք, անցած տարվա մարտին հայաստանյան ավելի քան չորս տասնյակ հասարակական կազմակերպություններ դիմել էին Շվեյցարիայի Համադաշնության նախագահին՝ խնդրելով ստանձնել չեզոք միջնորդի դերակատարում և ապահովել Բաքվում պահվող բոլոր հայ գերիների համար հյուպատոսական աջակցության հասանելիությունը։ Ի պատասխան՝ Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի դաշնային դեպարտամենտից ստացել էինք պաշտոնական գրություն, որում նշվում էր, որ Շվեյցարիան պատրաստակամ է առաջարկելու իր ծառայությունները, եթե ներգրավված երկու կողմերն էլ հստակ դիմեն համապատասխան խնդրանքով։ Հոկտեմբերի 21-ին նախարար Արարատ Միրզոյանը,անդրադառնալով այս հարցին, հայտարարեց, որ դիմել են երրորդ երկրների, որոնք «կա՛մ հրաժարվել են, կա՛մ իրենց ասել են՝ հեռու խաղացեք»։ Այս ձևակեպումից ակնհայտ է դառնում, որ հիմնական խոչընդոտը Ադրբեջանի դիրքորոշումն է, որը թույլ չի տալիս ապահովել հայ գերիների իրավունքների արդյունավետ պաշտպանությունն ու անհրաժեշտ միջազգային երաշխիքները։ Այդուհանդերձ, նախարարի ներկայացրած տեղեկություններից դեռևս պարզ չէ, թե կոնկրետ որ երկրներին է դիմել Հայաստանը: Ավելի հստակ տեղեկատվությունը հնարավորություն կտա նաև հասարակական կազմակերպություններին և իրավապաշտպաններին իրենց միջազգային գործընկերների միջոցով աջակցել Հայաստանի դիվանագիտական ջանքերին՝ նպաստելով երրորդ երկրների առավել ակտիվ ներգրավմանը և Ադրբեջանի կողմից ստեղծվող խոչընդոտների հաղթահարմանը։ Վստահ եմ, որ պետական կառույցների, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների ջանքերի համադրումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել։ Մեզ բոլորիս միավորում է նույն նպատակը՝ ապահովել Բաքվում պահվող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությունը, նրանց հետ կանոնավոր մարդասիրական կապը և, ի վերջո, նրանց ազատ արձակումը։

Տիկին Սահակյան, Դուք և Բաքվում պահվող ՌուբենՎարդանյանի կինը՝ ՎերոնիկաԶոաբենդն օգոստոսին հանդիպում էիք ունեցել ՀՀ արտգործնախարարությունում, և մեզ հետ հարցազրույցում նշել էինք, որբարձրացրել ենք գերիների պահման պայմաններին վերաբերող մի շարք մարդասիրական հարցեր, այդ թվում՝ Բաքու կանանց միջազգային մարդասիրական առաքելության նախաձեռնությանն աջակցելու հարցը: Արդյո՞քձեզ պատասխան տրվել է, և եթե այո, ապա ի՞նչ կարող եք բացահայտել:

Այո, օգոստոսի 17-ին ես Վերոնիկա Զոնաբենդը հանդիպում ունեցել ենք ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության և Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Ադրբեջանում պահվող հայ գերիների վիճակը։

Մենք ներկայացրել էինք գերիների պահման պայմաններին, հումանիտար այլ խնդիրներիվերաբերյալ տեղեկություններ, նաև տիկին Զոնաբենդի՝ մարդասիրական առաքելության նպատակների ու աջակցության հնարավորության մասին հարցերը, այնուհետև նաև գրավոր հարցում էինք ուղարկել երկու գերատեսչություններին՝ պաշտոնական պատասխան ստանալու ակնկալիքով:

Ցավոք, չեմ կարող ձեզ ոչինչ ասել, քանի որ օրենքով պատասխանի համար սահմանված ժամկետներն ավարտվել են, բայց ոչ մի պատասխան մեզ չի տրվել, չնայած հանդիպման մասնակիցներիայն հավաստիացումներին, որ հարցը իրենց համար առաջնային է և օրակարգային:

Մի բան պետք է հստակ արձանագրենք, որ մարդասիրական հարցերում չպետք է հապաղել: Բաքվում գտնվող հայ գերիներիլիակատար մեկուսացման մեջ են, վերջին անգամ Կարմիր խաչի ներկայացուցիչները նրանց այցելել են գրեթե մեկ տարի առաջ՝ անցած տարվա դեկտեմբերին: Հարազատներից ստացվող տեղեկությունները անհանգստացնող են: Չեմ կարծում, որ հարցը լռության մատնելը ամենաարդյունավետ եղանակն է այս իրավիճակում:

Բացի այդ, կարծում եմ նաև հարգալից պետք է լինել գերիների ընտանիքների հետ: Քանի դեռ իրենց հարազատներն ապօրինիպահվում ենադրբեջանական բանտում՝ գերիներիընտանիքներնիրավունք ունեն նրանց ազատ արձակման համար արդյունավետ քայլեր ձեռնարկելու պահանջ ներկայացնել: Պետության պոզիտիվ իրավունքն է պաշտպանել իր քաղաքացիներին, իսկ կառավարությունը պարտավոր է ոչ միայն պատասխանել գերիների հարազատներինամակներին, այլ հենց ինքը նախաձեռնել այդ հանդիպումները: