2026 թվականի ամռանը Եվրոպայում ծայրահեղ շոգի պատճառով մահացել է ավելի քան 50 հազար մարդ, ասվում է Լոնդոնի Կայսերական քոլեջին առընթեր Գրենթեմի ինստիտուտի հրապարակած հետազոտությունում։

«Ամռան ընթացքում եվրոպական 854 քաղաքներում մենք հաշվարկել ենք շոգի հետ կապված 50 391 ավելցուկային մահ», - նշվել է հետազոտության տեքստում։

Ավելցուկային մահացությունն արտացոլում է փաստացի մահերի թվի և ակնկալվող թվի միջև տարբերությունը։

Ինչպես գրել են գիտնականները, ընդհանուր առմամբ այս քաղաքներում ապրում է մոտ 173 միլիոն մարդ։ Ամենաբարձր մահացությունը գրանցվել է 85 տարեկանից բարձր մարդկանց շրջանում։ Տարածաշրջանների կտրվածքով մահացության ամենացածր ցուցանիշները եղել են Հյուսիսային Եվրոպայում, ամենաբարձրերը՝ Հարավային Եվրոպայում։ Շոգից առավել շատ տուժել են Մալթան, Իտալիան, Հունգարիան և Խորվաթիան։

Գիտնականների գնահատմամբ՝ այսօր Եվրոպայում ընդհանուր առմամբ ջերմաստիճանները մոտավորապես 2,5 աստիճան Ցելսիուսով ավելի բարձր են՝ այն սցենարի համեմատ, որտեղ չկա մարդու կողմից հրահրված գլոբալ տաքացում։ Հետազոտության համաձայն՝ վերոնշյալ ավելի քան 50 հազար մահերի 65 տոկոսը (32,6 հազարը), հավանաբար, պայմանավորված է եղել կլիմայի մարդածին փոփոխությամբ։

Գիտնականների հաշվարկներով՝ բոլոր ավելցուկային մահերի մոտ մեկ երրորդը բաժին է ընկել հունիսի 17-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածին, երբ Եվրոպայում միջին օրական ջերմաստիճանը նորմայից միջինը բարձր է եղել 5,3 աստիճան Ցելսիուսով։

Համեմատության համար նշենք, որ 2025 թվականին շոգից ավելցուկային մահերի թիվը գրեթե երկու անգամ պակաս էր (24,5 հազար)։ Հետազոտության մեջ հաշվի է առնվել միայն քաղաքային բնակչությունը, որը կազմում է ուսումնասիրված 30 երկրների ամբողջ բնակչության մոտ 40 տոկոսը։ Գիտնականները եզրակացնում են, որ Եվրոպայում ավելցուկային մահացության վերջնական ցուցանիշը պետք է էլ ավելի բարձր լինի։ Հետազոտության հեղինակները եզրակացնում են, որ 2026 թվականի ամառը, ամենայն հավանականությամբ, շոգի հետ կապված եղել է Եվրոպայի պատմության ընթացքում ամենավտանգավոր ամառը։

Այս ամռանը Եվրոպան բախվել է վերջին մի քանի տարիների ամենաշոգ շրջանին։ Առավել մեծ վնաս են կրել Իսպանիան, Պորտուգալիան, Ֆրանսիան, Իտալիան և Հունաստանը։