Աննա Հակոբյանի առաջարկով մշակված ընտանեկան բռնության մասին օրենքի նախագիծը առաջիկա երկուշաբթի օրը կքննարկվի ԱԺ ՄԻՊ հանձնաժողովում: Հանձնաժողովի նիստում հարակից զեկույցով հանդես կգա նաև ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

«Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի վերաբերյալ սա արդեն երկրորդ նիստն է: Առաջին նիստի ընթացքում հարցի քննարկումը հետաձգվել էր մինչև երկու ամիս ժամկետով՝ լրացուցիչ լրամշակումներ կատարելու նպատակով։

Նախագծի հեղինակներն են ՔՊ պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Ծովինար Վարդանյանը և Սոնա Ղազարյանը։ Հարակից զեկույցով հանդես կգան ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ու ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը։

ՔՊ պատգամավոր Զարուհի Բաթոյանը լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել էր, որ նախաձեռնության շրջանակում ՔՊ պատգամավորները հանդիպել են նաև Աննա Հակոբյանի հետ, վերջինս հորդորել է դրական քվեարկել նախագծին։

Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանի նախաձեռնած ընտանեկան բռնության դեմ պայքարի արշավը ներառում է օրենսդրական փոփոխություններ, հանրային քննարկումներ և ստորագրահավաք: Աննա Հակոբյանն առաջարկել է ընտանեկան բռնությունը քրեականացնել որպես առանձին հանցագործություն և շրջանառել է ավելի խիստ գործիքակազմ նախատեսող օրենսդրական նախաձեռնություններ: Կասկադի մոտ գործում է «Ընդդեմ ընտանեկան բռնության» շարժման շտաբը Հոկտեմբերի 3-ից մեկնարկել է ստորագրահավաք՝ ներկայացնելու հանրային դիրքորոշումը այս օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ: