Ամերիկյան փոքրիկ քաղաքի քաղաքապետ Ֆելիքս Ռոքին կալանավորել են ապօրինաբար ուրիշի կայքի կառավարմանը հասանելիություն ունենալու եւ էլեկտրոնային փոստը կոտրելու համար:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով NBC New York-ը, Նյու Ջերսի նահանգի Արեւմտյան Նյու Յորքի 55-ամյա քաղաքապետը փետրվարի 6-ին որոշել է հարձակվել կայքի վրա, որտեղ իր հրաժարականը պահանջող կոչեր կային:
Դրա համար նա օգնության դիմել իր 22-ամյա որդուն` Ջոզեֆին:
Չարագործներին հաջողվել է հասնել իրենց ուզածին. արդեն փետրվարի 8-ին կայքը չէր աշխատում: Նշվում է, որ կայքն անանուն է եղել, սակայն էլեկտրոնային փոստը կոտրելուց հետո, Ֆելիքս Ռոքը կարողացել է պարզել կայքը ստեղծող մարդկանց ինքնությունը, գրում է ArsTechnica-ն:
Արդյունքում հորը եւ որդուն մեղադրանք է առաջադրվել ապօրինաբար ուրիշի կայքի կառավարմանը հասանելիություն ունենալու եւ էլեկտրոնային փոստը կոտրելու համար:
Այս հանցագործություններից յուրաքանչյուրը նախատեսում է 250 հազար դոլարի տուգանք, ինչպես նաեւ մինչեւ 5 տարվա ազատազրկում:




























