Արգենտինայի կառավարությունը բացառում է վիճելի Մալվինյան (Ֆոլքլենդյան) կղզիները վերադարձնելու համար ուժային միջոցների կիրառման հնարավորությունը, սակայն ճնշում կգործադրի Մեծ Բրիտանիայի վրա այնքան ժամանակ, մինչև որ հասնի արշիպելագի նկատմամբ վերահսկողության վերականգնմանը։ Այս մասին հայտարարել է հարավամերիկյան երկրի նախագահ Խավիեր Միլեյը։
«ՄԱԿ վերջին նստաշրջանում առաջին անգամ հենց իրենք [Մեծ Բրիտանիան] ստիպված եղան անդրադառնալ Մալվինյան կղզիների թեմային։ Նրանք զգում են ճնշումը, նրանք անհանգստացած են, իրենց անհարմար են զգում։ Եվ մենք կշարունակենք նրանց համար ստեղծել այդ անհարմարությունն այնքան ժամանակ, մինչև որ նրանք մեզ վերադարձնեն կղզիները, որովհետև դրանք մերն են», - ասել է նա El Observador թերթի հարցազրույցում։
Միաժամանակ, Միլեյն ընդգծել է, որ Արգենտինան չի պատրաստվում գործել ռազմական մեթոդներով։ «Մենք չենք հավատում ուժային լուծումներին, սակայն համոզված ենք, որ բոլոր հաղթաթղթերը մեր կողմում են, և կղզիները պետք է վերադարձվեն մեզ։ Այսօր Արգենտինան, որի տնտեսական կշիռն աճում է Վակա Մուերտայի [նավթագազային հանքավայր] նման նախագծերի շնորհիվ, հնարավորություն է ստանում խաղարկել այնպիսի խաղաթուղթ, որը նախկինում մենք չունեինք», - կարծում է նա։ Միլեյի կարծիքով՝ Մալվինյան կղզիների մոտ նավթային հանքավայրերի մշակմանն առանց Բուենոս Այրեսի թույլտվության մասնակցելու համար սահմանվող պատժամիջոցների ռիսկը հիմա ավելի մեծ հավանականությամբ կվախեցնի օտարերկրյա ընկերություններին։
Միլեյի կարծիքով՝ Բուենոս Այրեսի դիրքերն ամրապնդում է նաև այն փաստը, որ «Մեծ Բրիտանիան շատ խնդիրներ ունի՝ տնտեսական, ժողովրդագրական, միգրացիոն»։
Սեպտեմբերի 3-ին Միլեյն ազգին ուղղված ուղերձում հայտարարել էր, որ խորհրդարան կներկայացնի օրինագիծ՝ Մալվինյան կղզիների մոտ նավթ արդյունահանող ընկերությունների նկատմամբ պատժամիջոցները խստացնելու վերաբերյալ։ Դրա պատճառը դարձավ բրիտանական Rockhopper Exploration և իսրայելական Navitas Petroleum ընկերությունների կողմից Sea Lion նավթային հանքավայրերի յուրացման նախագծի շուտափույթ մեկնարկը։ Ավելի ուշ Արգենտինայի կառավարությունը հայտնել էր վիճելի տարածքում ածխաջրածինների արդյունահանմանն առնչություն ունեցող 60 իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու որոշման մասին։
Մալվինյան կղզիները կազմված են 2 խոշոր և գրեթե 800 փոքր կղզիներից, որոնց ընդհանուր մակերեսը փոքր-ինչ ավելին է, քան 12 հազար քառակուսի կիլոմետրը, իսկ բնակչությունը՝ շուրջ 3,2 հազար մարդ։ Արդեն 200 տարի այս կղզիները Արգենտինայի և Մեծ Բրիտանիայի միջև տարածքային վեճի առարկա են։ 1982 թվականի ապրիլին երկրների միջև բռնկվել է զինված հակամարտություն։ Հարավամերիկյան հանրապետությունը պարտություն է կրել դրանում՝ երկուսուկես ամիս տևած մարտական գործողությունների ընթացքում կորցնելով 649 զինծառայող։ Բրիտանական կողմի կորուստները կազմել են 255 մարդ։ Արգենտինան շարունակում է վիճարկել կղզիների նկատմամբ Մեծ Բրիտանիայի տիրապետությունը ՄԱԿ մեխանիզմների միջոցով, սակայն առայժմ կողմերին այդպես էլ չի հաջողվել հասնել փոխզիջման։

























