Չիկագոյում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներով Վրաստանն ավելի մոտեցավ Դաշինքին, բայց դեռ երկար ճանապարհ ունի անցնելու: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Ռոնդելին:

Նրա խոսքով, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հայտարարությունները, թե Վրաստանը 2014թ. կանդամակցի ՆԱՏՕ-ին, միայն ցանկություն եւ ենթադրություն է:

«Գովելի եւ լավ է, որ նախագահ Սահակաշվիլին եւ վարչապետ Նիկա Գիլաուրին երկիրը ՆԱՏՕ մտցնելու նման համառ ցանկություն են ցուցաբերում, բայց պետք է հասկանալ, որ Վրաստանը դեռ շատ բան է անելու: Բացի այդ, անհայտ է, արդյոք ընդհանրապես Դաշինքի ընդլայնում կլինի՞ 2014թ. կայանալիք հաջորդ գագաթնաժողովում»,- ասել է Ռոնդելին:

Քաղաքագետի խոսքով, ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին մի շարք խոչընդոտներ կան, որոնց հետ բախվելու է երկրի ղեկավարությունը: «ՆԱՏՕ-ին անդամակցելը միայն Վրաստանից կախված չէ, կա դեռ միջազգային իրավիճակ, կողմնակիցներ, հակառակորդներ»,- նշել է փորձագետը:

Հարցին, թե ինչպե՞ս կազդի Վրաստանի անդամակցությունը տարածաշրջանային իրավիճակի վրա` հաշվի առնելով, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ Ադրբեջանը ձեւականորեն չեզոք, Ռոնդելին նշել է, թե դա կբարձրացնի կայունության մակարդակը Հարավային Կովկասում:

«Հարավային Կովկասը պետք է ձգտի ինտեգրման, այլ ոչ` տարանջատման: ՆԱՏՕ-ի երկրները քիչ խնդիրներ են ունենում, որոնք արագ են լուծվում, եւ դա ձեռք է տալիս Վրաստանին: Համենայն դեպս, վատ չի լինի, Ռուսաստանն այնպես է պղտորել Հարավային Կովկասը, որ ավելի վատ հնարավոր չէ»,- ասել է քաղաքագետը: